Պետպատվերի բաշխման մեջ առայժմ ոչինչ չի փոխվել. բժշկական հաստատության ղեկավար

Պետպատվերի շրջանակում դժվարամատչելի ծառայությունների մասով բյուջետային միջոցների վերջին վերեբաշխումը հին սխեմայով է իրականացվել, չնայած Առողջապահության նախարարության ղեկավարության այն հայտարարություններին, որ համակարգը վերանայվելու է: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց ՄԻԲՍ-Երեւան ախտորոշիչ կենտրոնի ղեկավար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ կառավարության նոր ծրագրի ամենալավ դրույթը պետպատվերում հետվաճարային համակարգի անցումն է ըստ հիվանդների այս կամ այն հաստատություն դիմելիության: Սակայն, ծրագրի համաձայն, այդ համակարգը կներդրվի 2018 թվականին, իսկ 20107 թվականի ընթացքում պլանավորվում է մեծացնել պետպատվերի բաշխման «թափանցիկությունը»: Թե դա ինչ է նշանակում՝ դեռեւս հայտնի չէ, սակայն Արսեն Թորոսյանը ենթադրում է, որ այժմ պետպատվերը կարելի էր բաշխել բժշկական հաստատության տրամադրած մասնավոր ծառայությունների ծավալի համամասնությամբ, քանի որ ըստ այդ ծավալի կարելի է դատել ծառայությունների որակի մասին:

Սակայն, սոցիալապես անապահով եւ դրան հավասարեցված խմբերի համար դժվարամատչելի հետազոտությունների համար բյուջետային միջոցների վերջին վերաբաշխման ընթացքում դարձյալ այն բուժհաստատություններին են շատ գումար հատկացրել, որոնք ավանդաբար մեծ քանակով պետպատվեր են ստացել: Այս մոդելի ոչ մի վերանայում չի կատարվել: «150 մլն դրամը բաշխվել է 26 կազմակերպություններից 25-ի միջեւ, մեկին միայն չեն տվել՝ մեզ»,- ասաց Արսեն Թորոսյանը՝ պարզաբանելով, որ ինքը սկզբում չի համաձայնել Առողջապահության նախարարության առաջարկած նոր գներին, հետո հարկադրված համաձայնել է, բայց իրեն արդյունքում մերժել են:

«Ծառայությունների տեսակով երկու բացարձակապես համադրելի կազմակերպություններից մեկը պետպատվերով 23 մլն դրամ է ստացել, մյուսը՝ 3, քանի որ տարեսկզբից առաջինն ունեցել է 200, մյուսը՝ 15 մլն: Խոսքը միանման համադրելի հաստատությունների մասին է, որոնք նույն սարքավորումներն ունեն: Առայժմ հավասար պայմանները լավագույն մղումների ասպարեզից են»,- նշեց նա՝ հավելելով, որ առողջապահության բյուջեն հասանելի է կառավարության կայքում, եւ յուրաքանչյուր ցանկացող կարող է այն բացել եւ ծանոթանալ:

Պարզաբանելով, թե ինչու ինքը չի համաձայնել նոր նվազած գներին, Արսեն Թորոսյանը նշեց, որ նման որոշման համար ոչ մի լուրջ հաշվարկ չէր կատարվել, դժվարամատչելի ծառայությունների գները պարզապես վերցվել էին մի բուժհաստատության հետ հայտնի ապահովագրական ընկերության պայմանագրից: Այդ գներն առաջարկվել են բոլոր բուժհաստատություններին, որոնք համանման ծառայություններ են մատուցում, ըստ որում՝ ճնշման մեթոդների ճանապարհով՝ կամ համաձայնում ես, կամ ընդհանրապես պետպատվեր չես ստանում: Արսեն Թորոսյանը նշեց, որ ՄՌՏ հետազոտության գինը պետպատվերով 55 հազարից նվազեցվել է 35 հազարի, եւ դա կարող է ձեռնտու լինել այն կազմակերպություններին, որոնք աշխատում են 0,3 տեսլա հզորությամբ ՄՌՏ սարքով, բայց դա չի ծածկում 1,5 տեսլա հզորությամբ սարքի ծախսերը: Դրանից զատ, ՄՌՏ տարբեր հետազոտություններ եւս տարբեր արժեք ունեն՝ 40, 60, 100 հազար, եւ 55 հազար գինը, որպես միջինացված գին, արդարացված էր, իսկ 35 հազարը՝ ոչ:

Արսեն Թորոսյանը կարծում է, որ երբ ներդրվեց սոցփաթեթը, եւ այդ փողերը տվեցին ապահովագրական ընկերություններին, ճիշտ որոշում էր, քանի որ փողն ավելի լավ է տնօրինում նա, ով դրանից շահույթ ունի: Այս տեսակետից պետությունն ամենավատ կառավարիչն է: Ավելի ուշ ապահովագրական ընկերություններից սոցփաթեթը ետ վերցվեց ապահովագրողների աշխատանքի մի շարք շեղումների պատճառով, սակայն, Արսեն Թորոսյանի կարծիքով,  անհրաժեշտ էր այդ շեղումներն ուղղել, այլ ոչ թե համակարգը փոխել: Հիմա պետական բոլոր միջոցները գտնվում են Առողջապահության նախարարությանը կից Առողջապահության գործակալության տնօրինության ներքո, սակայն որոշումները, թե ում ինչքան փող տան, այստեղ չեն ընդունվում, այլ ավելի վերին օղակներում՝ դա քաղաքական որոշումներ են: Գործակալությունը միայն կյանքի է կոչում այդ որոշումները, իսկ «ատկատները» դա այն է, որ շղթայի ցածր օղակները «վաճառում» են վերին օղակում ընդունած որոշումները: Այստեղ եւս մեկ անհեթեություն է առկա, պետությունը, որպես պատվիրատու, մեծ ծավալով բժշկական ծառայություններ է գնում ինքն իրենից՝ պետպատվերը բաշխելով պետական բուժհաստատություններում:

Արսեն Թորոսյանի կարծիքով՝ առողջապահությանը տրամադրվող պետական բոլոր միջոցները պետք է տալ ապահովագրական մասնավոր ընկերություններին, նրանց առաջ պայման դնել, որ իրենց շահույթը ինչ-որ տոկոսից չպետք է գերազանցի, եւ այդ դեպքում պետական միջոցների անարդարացի բաշխման հարցը մասամբ կլուծվի: Ընդհանրապես, հարցի գլոբալ լուծումը նա ապահովագրական բժշկությունն է համարում:

Ըստ որում՝ ախտորոշիչ կենտրոնի տնօրենը կարծում է, որ այսօր Հայաստանում բժշկական ծառայությունների գները պետք է ոչ թե նվազեցնել, այլ բարձրացնել, որպեսզի բուժհաստատությունները որակյալ ծառայություններ մատուցեն, իսկ բժիշկները բարձր աշխատավարձ ստանան: Դա պետք է անել ոլորտի ֆինանսավորումն ինչպես պետական բյուջեի հաշվին բարձրացնելով, այնպես էլ արտաբյուջետային միջոցների: Իսկ մեզ մոտ վերջին 10 տարիների ընթացքում, նրա խոսքով, առողջապահության բյուջետային ծախսերը տոկոսային արտահայտությամբ չեն աճել: Առողջապահության ոլորտը շարունակում է ֆինանսավորվել մնացորդային սկզբունքով։

Որտեղի՞ց հայթայթել լրացուցիչ միջոցներ: Օրինակ՝ բարձրացնել ծխախոտի եւ ալկոհոլի ակցիզային հարկը, եւ որպեսզի այդ գումարները ոչ թե գանձարան մտնեն, ու հետո ինչ-որ տոկոսային հարաբերությամբ՝ առողջապահությանը տրամադրվեն, այլ ուղղակիորեն ծախսվեն նպատակային առողջապահական ծրագրերի համար, օրինակ՝ ուռուցքային հիվանդությունների բուժման կամ սքրինինգի համար եւ այլն: Ի դեպ, այս մոդելն են առաջարկում ոլորտի մասնագետներից շատերը: