Որոնք են ծնկան հոդի հիվանդությունների ախտորոշման առավել ինֆորմատիվ մեթոդները

Ժամանակակից բժշկագիտությունը, տեխնոլոգինաերի զարգացման հետ զուգընթաց, բավական լայն հնարավորությհուններ է ստեղծում հիվանդությունների վաղաժամ եւ ճշգրիտ ախտորոշման համար եւ դա է պատճառը, որ այսօր, այս կամ այն հիվանդության ախտորոշման հարցում, հետազոտությունների լայն շրջանակից ընտրվում են կոնկրետ այն հետազոտությունները, որոնք առավել սպեցիֆիկ են, եւ տալիս են առավելագույնս շատ ինֆորմացիա ախտաբանական պրոցեսի վերաբերյալ:

Ծնկան հոդի վնասվածքները եւ հիվանդությունները հենաշարժական համակարգի հաճախ հանդիպող ախտահարումներից են:

Ո՞ր հետազոտություններն են առավել ինֆորմատիվ ծնկան հոդի խնդիրների հայտնաբերման համար

Ինչպես մնացած օրգան համակարգերի, այնպես էլ հենաշարժական համակարգի խնդիրների ախտորոշումը նույնպես ունի իր առանձնահատկությունները եւ հետազոտության ընտրությունը կախված է նրանից, թե կոնկրետ ինչ խնդիր է փնտրում բուժող բժիշկը: Շատ կարեւոր է պացիենտին ուղարկել այն հետազոտությանը, որն առավել շատ ինֆորմացիա կհաղորդի ախտահարման վերաբերյալ, դրանով իսկ խուսափելով պացիենտի որոշ դեպքերում չհիմնավորված ճառագայթահարումից եւ ինչու չէ նաեւ պացիենտի համար ավելորդ ծախսերից: Հոդ կազմող ոսկրերի վիճակի գնահատման համար ինֆորմատիվ են ռենտգեն եւ ԿՏ–հետազոտությունները, իսկ հոդի փափուկ հյուսվածքային կառուցվածքների (մկաններ, աճառներ, կապաններ) հետազոտման համար առավել ինֆորմատիվ է ՄՌՏ հետազոտությունը: 

Որո՞նք են ծնկան հոդի ամենահաճախ հանդիպող ախտահարումները

Ծնկան հոդում ամենից հաճախ հանդիպող խնդիրներից է մահիկների (մենիսկներ) վնասումը, որոնց ախտորոշման համար գործիքային ոչ ինվազիվ հետազոտությունների մեջ ամենաէֆեկտիվ մեթոդը ՄՌՏ հետազոտությունն է, որը նաեւ լիովին անվնաս է եւ զերծ ճառագայթումից: Այն տալիս է բավական շատ ինֆորմացիա մահիկի կառուցվածքի, նրա վնասման աստիճանի, ինչպես նաեւ մահիկից պոկված եւ հոդաճեղքում «լողացող» աճառային բեկորների առկայության մասին: Մահիկի վնասվածքները ունեն տարբեր դասակարգումներ, բայց ամենից հաճախ կիրառվում են մահիկների վնասման աստիճանները ըստ Stoller-ի: Ախտահարումները կարող են լինել վնասվածքային եւ դեգեներատիվ բնույթի, հանդիպում են նաեւ համակցված ձեւերը:  ՄՌՏ հետազոտությունը տալիս է հնարավորություն գնահատել մահիկի վնասման աստիճանը, որը շատ կարեւոր է վնասվածքաբանի համար` հետագայում պացիենտի բուժման ճիշտ տարբերակը ընտրելու տեսանկյունից: 

Բացի մահիկներից եւ ոսկրերից, ուրիշ ի՞նչ կառուցվածքներ կարող են վնասվել հոդում

Կարող է վնասվել հոդի ջլակապանային համակարգը, ինչը կարող է ուղեկցվել նրանց մասնակի եւ ամբողջական պոկումով: Որպես ընտրության մեթոդ այս պարագայում առաջնահերթ է ՄՌՏ հետազոտությունը, որը տալիս է հստակ ինֆորմացիա ջլակապանային համակարգի վնասման աստիճանի մասին: ՄՌՏ–ն ինֆորմատիվ է նաեւ գնահատելու համար հոդաճառի վիճակը, ինչպես նաեւ հետվիրահատական փոփոխությունները կապված կապանների վերականգնման հետ եւ մահիկների մասնակի կամ ամբողջական հեռացման հետ: Մեծ է նաեւ ՄՌՏ հետազոտության առավելությունները օստեոխոնդրոպաթիաների դասին պատկանող Կյոնիգի հիվանդության վաղաժամ հայտնաբերման մեջ, երբ դեռ չի հասցրել առաջանալ ազդրոսկրի կոճի մեծ ոսկրաաճառային դեֆեկտը:

Բացի վնասվածքները ուրիշ ի՞նչ հիվանդություններ են հանդիպում ծնկան հոդում եւ որո՞նք են դրանց ախտորոշման ամենաինֆորմատիվ տարբերակները

Ծնկան հոդը կարող է ախտահարվել սկսած բորբոքային հիվանդություններից վերջացրած օնկոլոգիական հիվանդություններով: Որոշ դեպքերում, երբ խնդիրը ներառում է եւ ոսկրային եւ փափուկ հյուսվածքային կառուցվածքները, հաճախ անհրաժեշտություն է առաջանում համակցված հետազոտությունների, այսինքն կատարել եւ՛ԿՏ, եւ՛ ՄՌՏ հետազոտություն:

Հոդի բորբոքային հիվանդությունները հիմնականում ուղեկցվում են հոդում մեծ քանակի բորբոքային հեղուկի կուտակմամբ, հոդաշապիկի հաստացումներով, իսկ ագրեսիվ պրոցեսների ժամանակ նույնիսկ ոսկրային հյուսվածքի այտուցով, որի վիզուալիզացիան, կրկին հնարավար է միայն ՄՌՏ հետազոտությամբ` հատուկ ծրագրերի կիրառման շնորհիվ:

Օնկոլոգիկան խնդիրները հաճախ հանդիպում են ծնկան հոդ կազմող ոսկրերում (օր.` օստեոսարկոմաներ) եւ հետին ծնկափոսով անցնող անոթային եւ նյարդային կառուցվածքներում (օր.` նեւրինոմաներ, նեյրոֆիբրոմատոզ), որոնց հետազոտման ժամանակ կիրառում են կոնտրաստային նյութ` ախտաբանական պրոցեսի մասին առավելագույն ինֆորմացիա ստանալու համար: Հետին ծնկափոսում հանդիպում են նաեւ հեղուկային պարունակության բշտեր, այսպես կոչված Բեյկերի կիստաներ, որոնք չափերից կախված կարող են լուրջ անհանգստություն պատճառել պացիենտին: Նրանք կարող են բորբոքվել, առաջացնելով արտահայտված ցավեր հոդում:

Առհասարակ ի՞նչ պետք է անի քաղաքացին երբ ծնկան հոդում առկա են ցավեր կամ շարժումների սահմանափակումներ

Առաջին հերթին խորհուրդ կտայի դիմել վնասվածքաբանին: Հոդում ցավերի առաջացման պատճառ կարող են լինել տարբեր խնդիրներ եւ յուրաքանչյուր խնդիր ունի յուրահատուկ կլինիկական դրսեւորում: Վնասվածքաբանը զննելով պացիենտին, հիմնվելով հիվանդության կլինիկական դրսեւորման վրա, արդեն պատկերացում է կազմում դրա էության մասին եւ ուղարկում է համապատասխան հետազոտության: Այստեղ շատ կարեւոր է ընտրել այն հետազոտությունը, որը առավելագույն ինֆորմացիա կտա տվյալ ախտահարման ախտորոշման համար, դրանով իսկ խուսափելով ավելորդ ծախսերից եւ որոշ դեպքերում նաեւ ճառագայթումից:

ՄԻԲՍ-Երևան

Հասցե` ՀՀ, ք. Երեւան, Բագրատունյաց 1

Հեռ` 011 42-11-11, 010 42-83-11

Վեբ-կայք` www.mibs.am