Աշխարհում ստեղծում են 14 Տեսլա հզորությամբ ՄՌՏ սարք, որը պետք է «տեսնի» մարդու գիտակցությունը

Չինացի գիտնականները աշխատում են 14 Տեսլա հզորությամբ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի ստեղծման ուղղությամբ, որը նախատեսված է լինելու ուղեղի ուսումնասիրման համար։

Հետազոտողների նպատակը բավարար հզորությամբ մագնիսային դաշտի ստացումն է, որպեսզի հնարավոր լինի տեսնել մարդու ուղեղի յուրաքանչյուր նեյրոնի կառուցվածքն ու աշխատանքը։ Դա բժիշկներին հնարավորություն կտա գնահատել պացիենտի գիտակցության վիճակը և հայտնաբերել գլխուղեղի տարբեր հիվանդությունները։

«Հզոր սկաները մեզ ցույց կտա ամբողջովին այլ աշխարհ՝ աննախադեպ որակով։ Հնարավոր է՝ այն կարողանա ցույց տալ նույնիսկ մարդու հոգին»,- ասել է ավագ գիտաշխատողը՝ օգտագործելով «հոգի» բառը տեսականորեն մարդկային գիտակցությունը մատնանշելու համար: Այս թեմայի շուրջ գիտական աշխարհում վաղուց արդեն խոսակցություններ ու քննարկումներ են իրականացվում։

Սովորական ՄՌՏ-ն ստեղծում է 1,5 կամ 3,0 Տեսլա հզորությամբ մագնիսային դաշտ, իսկ վերջերս կլինիկական հետազոտությունների համար սկսել են օգտագործել 7 Տեսլա հզորությամբ սարքեր։ 2018 թվականի մարտին ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Համալսարանը սկսեց սկանավորել մարդուն 10,5 Տեսլա հզորությամբ սարքի միջոցով։ Սակայն այդ սարքերը կարող են ստիպել ռեզոնանսել միայն ջրածնի միջուկներին։

Մինչդեռ 14 Տեսլա հզորությամբ սկաներները կկարողանան ստեղծել բավարար ուժգնությամբ մագնիսական դաշտ՝ առավել ծանր տարրերի միջուկների խթանման համար։ Հետազոտողները ենթադրում են, որ նոր սարքը կկարողանա տարբերակել ու հետևել քիմիական նյութերի տարբեր տեսակներ, ներառյալ՝ նատրիում, ֆոսֆոր և կալիում, որոնք կրիտիկական ազդանշաններ են փոխանցում նյարդային համակարգի ցանցով։ Ազդակների փոխանցումը բնութագրում է մարդու ուղեղի աշխատանքը և փոփոխվում է այնպիսի պաթոլոգիաների առկայության դեպքում, ինչպիսիք են՝ Պարկինսոնի և Ալցհեյմերի հիվանդությունները։  

«Եթե մենք կարողանանք ստիպել այդ տարրերն ռեզոնանսել այնպես, ինչպես ջրածինը, ապա սկանավորման ընթացքում ստացված ինֆորմացիայի ծավալը մի քանի անգամ կմեծանա», - ասել է ծրագրում ներգրավված գիտնականներից մեկը։ - «Մենք առաջին անգամ կկարողանանք ստանալ մարդկային գիտակցության, և նույնիսկ կյանքի էության մասին ամբողջական պատկեր։ Այնուհետև հնարավորություն կունենանք նկարագրել դրանք և ֆիզիկայի տերմիններով բացատրել, թե ինչպես են նրանք աշխատում։ Ճիշտ այնպես, ինչպես Նյուտոնը և Էյնշտեյնը նկարագրեցին և բացատրեցին տիեզերքը»։

Ենթադրվում է, որ համակարգը կունենա մինչև մեկ միկրոն ճշտություն, ինչը թույլ կտա բժիշկներին պատկերել այնպիսի օբյեկտներ, ինչպիսիք են նեյրոնային բջջի մարմինը, որի տրամագիծը կազմում է 4-ից 100 միկրոն։ Պետք է նշենք, որ ներկայումս նույնիսկ ՄՌՏ ամենահզոր համակարգերը չեն կարողանում պատկերել 1 մմ-ից փոքր առարկաներ։

 «Դեռևս ոչ ոք չի ենթարկվել 14 Տեսլա հզորությամբ մագնիսային դաշտի ազդեցությանը»,- ասել է Պեկինի համալսարանի կոգնիտիվ նեյրոկենսաբանության Գլխավոր պետական լաբորատորիայի գիտնական պրոֆեսոր Լու Հայդոնգը։ Նախքան մարդուն սկանավորելը՝ համակարգը պետք է անցնի ավտանգության մակարդակի խիստ գնահատում։

Միակ ավելի հզոր ՄՌՏ-ն եղել է 15,2 Տեսլա հզորությամբ մագնիսային դաշտով ՄՌՏ համակարգը, որը մշակվել և տեղադրվել է 2017 թվականի հոկտեմբերին, Իսրայելի Վայցմանի Գիտական համալսարանում։

Չինական ծրագրի առաջին փուլը հաստատվել է Չինաստանի Կենտրոնական ժողովրդական կառավարության կողմից, իսկ ֆիզիկոս Չժաո Չժոնսյանը, ով գերհաղորդիչ նյութերի ուսումնասիրության աշխատանքներում ունեցած ավանդի համար արժանացել է Չինաստանի բարձրագույն պարգևին, հանդես կգա որպես գիտական խորհրդատու։

Ծրագիրը հիմնված է Գուանդուն շրջանի Շենչժեն քաղաքում։

 

Աղբյուրը` https://mibsnews.ru