Էլեկտրոնային ծխախոտից (Vaping) թոքերի ախտահարումները տեսանելի են ՀՏ պատկերներում

Համակարգչային տոմոգրաֆիկ (ՀՏ) հետազոտության ժամանակ թոքերի ախտահարումը, որը առաջացել է էլեկտրոնային ծխախոտի օգտագործման հետևանքով, ունենում է բնորոշ արտահայտվածություն ՀՏ պատկերների վրա, ինչը բժիշկներին թույլ է տալիս ավելի ճշգրիտ ախտորոշումներ կատարել և ազատել հիվանդներին բիոպսիա անելու անհրաժեշտությունից: Ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են «Radiology: Cardiothoracic Imaging» ամսագրում:

Էլեկտրոնային ծխախոտները, տաքացնելով թութունը, հատուկ համային հավելումները և այլ քիմիական նյութերը վերածելով աէրոզոլի, նիկոտինը հասցնում են թոքեր։

Վերջին տասնամյակում նման սարքերի օգտագործումը արագ տեմպերով աճում է, հատկապես երիտասարդների շրջանում։ Դրանցում կիրառվող հեղուկից ստացված աէրոզոլները կարող են պարունակել մի շարք թունավոր և վտանգավոր նյութեր։

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) նախորդ տարի ստացան էլեկտրոնային ծխախոտի կամ վեյպի օգտագործումից առաջացած թոքերի ախտահարման հիվանդության (electronic cigarette or vaping product use-associated lung injury — EVALI) առաջին զեկույցը։ Այդ հիվանդությունը բնորոշվում է 3 չափորոշիչներով․ էլեկտրոնային ծխախոտների կամ վեյպինգի օգտագործումն ախտանիշների ի հայտ գալուց 90 օրվա ընթացքում, կրծքավանդակի ախտորոշիչ պատկերների պաթոլոգիական փոփոխություններ, և ախտահարման այլ հավանական աղբյուրների բացառում, ինչպիսին է վարակը: Նշված հիվանդության առաջին դեպքի ախտորոշումից հետո վեց ամսվա ընթացքում հոսպիտալացվել է ավելի քան 3000 հիվանդ, որից 68-ը մահացել է։

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Սքոթսդեյլ քաղաքի Մայո կլինիկայի պաթոլոգները մոտ մեկ տարի առաջ հրապարակեցին մի հոդված, որտեղ նկարագրվում է վեյպինգ օգտագործող երիտասարդների մոտ թոքերի ախտահարման բնորոշ պատկերները։ Ախտահարված հատվածները կենտրոնացած էին բրոնխների շրջանում՝ շնչառական խողովակներում, որոնք շնչափողը միացնում են թոքերին։

Մայոյի կլինիկայի ռադիոլոգ դոկտոր Մայքլ Բ. Գոտուեյը վերջերս ընդլայնել է  ուսումնասիրությունը՝ կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիայի վրա վերլուծելով հիվանդության նշանները: Հետազոտությանը մասնակցել է 26 հիվանդ, ովքեր անցել էին ՀՏ և բիոպսիա կամ հյուսվածքների նմուշների ստացման ցանկացած այլ հետազոտություն։ Գոթուեյը և նրա գործընկերները ստացված ՀՏ պատկերները դասակարգեցին՝ ելնելով մի քանի բնորոշ հատկություններից: Ախտանիշներից մեկը «թավշյա ապակու» սինդրոմն է, ՀՏ պատկերների այն հատվածը, որը սովորականից ավելի սպիտակ է թվում, սակայն տեսանելի են թողնում թոքերի հիմնական կառուցվածքը։ Մյուս առանձնահատկությունը՝ ՀՏ պատկերներում օջախային կուտակումների (կոնսոլիդացիաների) կամ ավելի խիտ սպիտակ հատվածների առկայություն։

«Մենք ուսումնասիրեցինք ՀՏ պատկերները, դրանք համադրեցինք ստացված օրինաչափությունների հետ և կորելացրեցինք հիստոպաթոլոգիայի հետ», - ասաց Գոթուեյը։  «Պարզեցինք, որ «թավշյա ապակու» ախտանիշը, երբեմն էլ համակցված այլ ախտանիշների հետ, ամենատարածվածն է, որը մենք տեսնում ենք այս հիվանդության ախտորոշման դեպքում»:

ՀՏ-ն կարող է նվազեցնել թոքերի բիոպսիաների քանակը, որը բավականին ծախսատար ու հիվանդների մոտ տագնապ առաջացնող պրոցեդուրա է և կրում է բարդացումների որոշակի ռիսկ։ «Նախապես տեղեկացնելով մեր գործընկեր բուժող բժիշկներին վիզուալ ախտորոշման առանձնահատկությունների մասին, որոնք ենթադրում են այս հիվանդության հավանականությունը, մենք իրականում փրկում ենք հիվանդներին վիրաբույժին այցելելու անհրաժեշտությունից», - նշում է հետազոտության հեղինակը:

Կան նաև լավ նորություններ․ համակարգչային հետազոտությամբ հայտնաբերված հիվանդության ախտանիշները կարող են բավականին արագ վերանալ էլեկտրոնային ծխախոտի կամ վեյպի օգտագործման դադարեցման և կորտիկոստերոիդների թերապիայի զուգահեռ անցկացման դեպքում:

Նկարում 51 տարեկան տղամարդու թոքերի ախտահարված պատկերն է՝ առաջացած էլեկտրոնային ծխախոտի օգտագործումից, որը ՀՏ հետազոտության ժամանակ արտահայտվում է որպես թոքերի սուր վնասվածք և որին հաջորդում են օջախների առկայությունը (A, C) առանց կոնտրաստային նյութի համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտության աքսիալ ծրագրի պատկերները թոքերի միջին (A) և ստորին (C) շրջաններում ցույց են տալիս «թավշյա ապակու» ախտանիշը, որը չի ազդում սուբպլևրալ շրջանի վրա (սլաքներով նշված)։ Այս օրինաչափությունը դիտվել է բաժանմունքի հիվանդների՝ ընդունելության ժամանակ անցկացրած կրծքավանդակի ՀՏ հետազոտության պատկերների 45% -ում (11): (B, D) 6 օր անց առանց կոնտրաստային նյութի կրկնակի համակարգչային տոմոգրաֆիայի աքսիալ ծրագրի պատկերները ցույց են տվել,  որ «թավշյա ապակու» ախտանիշը օջախների հատվածում փոխակերպվել է թոքերի կառուցվածքի փոքր շեղումների։ Հիվանդը նախնական շրջանում ստանում էր հակաբիոտիկներով բուժում, ինչը հանգեցրեց կլինիկական վիճակի դանդաղ բարելավման։

Պատկերները տրամադրվել են Հյուսիսային Ամերիկայի ճառագայթային ընկերության կողմից: