Ժամանակակից բժշկությունը Հայաստանում

Հայաստանում ժամանակակից բժշկության մարտահրավերների, ոլորտում առկա դրական ու բացասական երևույթների շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է ՄԻԲՍ բժշկական կենտրոնի Երևանի մասնաճյուղի տնօրեն Արսեն Թորոսյանի հետ:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ իրենց կենտրոնը շուրջ ինը ամիս է` գործում է Հայաստանում և մատուցում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ ախտորոշման ծառայություններ` Հայաստանում դեռևս միակ 1.5 տեսլա հզորությամբ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆով: Կարևոր էր նաև տեղեկությունն այն մասին, որ նման կենտրոնի բացումը անհրաժեշտություն էր Հայաստանի համար, քանի որ, նրա տնօրենի խոսքով, հաճախ հիվանդները ստիպված էին լինում մեկնել արտասահման` հետազոտություն ացնելու համար, բացի այդ` կենտրոնի բացումը Երևանում այս ոլորտում ստեղծել է առավել մրցակցային հարաբերություններ, քանի որ ՄԻԲՍ երևանյան մասնաճյուղը մատուցում է առավել մատչելի ծառայություններ ֆինանսական տեսանկյունից, իսկ բժշկական տեսանկյունից` շատ ավելի որակյալ: Ինչպես նշեց Թորոսյանը. «Կենտրոնն աշխատում է մի շարք երկրներում և Հայաստանում բացվեց եղած պահանջարկի արդյունքում, կենտրոնի բացումը նաև քայլ առաջ էր ժամանակակից բժշկության մեջ Հայաստանի ինտեգրման համար, քանի որ, չնայած  Հայաստանում 1990-ականներից գործում են մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆներ, սակայն դրանցից ամենահզորը 0.5 տեսլա հզորությամբ է եղել, իսկ պաթոլոգիաների հայտնաբերման համար մինիմումը մեկ տեսլան է, կենտրոնի սարքն ունի 1.5 տեսլա հզորություն, ինչն համարվում է ոսկե միջին և հնարավորություն տալիս մեզ պաթոլոգիաները սաղմնավորման  փուլում հայտնաբերելու»:

Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչպիսի՞ խնդիրներ ու մարտահրավերներ կան Հայաստանում ժամանակակից բժշկության համար, Արսեն Թորոսյանը առանձնացրեց այդ խնդիրներից երկուսը՝ տեխնոլոգիաները և դրանք կիրառող բժիշկները. «Ժամանակակից բժշկությունը շատ լայն հասկացություն է, և ես կուզենայի առանձնացնել կարևոր երկուսը, առաջինը դա տեխնոլոգիաներն են, ոչ միայն սարքերը, այլև տեխնոլոգիա ասելով նկատի ունեմ նույն բուժման մեթոդը, որը կարող է լինել սարքի հետ և´ կապված, և´ չկապված, ու այդ տեխնոլոգիաները կիրառող բժիշկները, այսինքն` մենք պետք է ունենանք տեխնոլոգիա, որը կկիրառվի շատ լավ կրթություն և վերապատրաստում ստացած բժշկի կողմից, վերջին տարիներին նկատվում են քայլեր այդ ուղղությամբ, սակայն, ինչ խոսք, մենք դեռ հեռու ենք իդեալական լինելուց, չնայած որ դա մեզ չպետք է խոչընդոտի ամենաբարձր մակարդակին ձգտելուց, քանի որ մենք գործ ունենք մարդու առողջության ու կյանքի հետ»:  Դժվարամատչելի հետազոտությունների մասին մեր հարցին կենտրոնի տնօրենը պատասխանեց. «Դժվարամատչելի տերմինը, չնայած ունի իմաստ, սակայն փոքր-ինչ հնացել է, քանի որ տեխնոլոգիաների զարգացման արդյունքում նման  ծառայությունների արժեքն առավել իջել է, չնայած, իհարկե, հասարակության մի հատվածի համար, անգամ այդ պայմաններով, դրանք մնում են դժվար հասանելի»:

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ այս ոլորտում կա պետպատվեր, որը սակայն չի բավարարում նման հետազոտությունների կարիք ունեցողների իրական ծավալներին, իսկ վերջերս ներդրված հանրային ծառայողների բժշկական ապահովագրությունը միայն ինչ-որ չափով է լրացնում այդ բացը: Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչպե՞ս կգնահատի վերջերս ատամնաբույժների մասին օրենքում փոփոխությունները` Արսեն Թորոսյանը նշեց, որ պետք է որոշակի վերահսկողական մեխանիզմներ կիրառվեն, սակայն ընդունելի չի համարում ատամնաբույժներին հարկել ըստ աթոռների քանակի՝ հավասարեցնելով նրանց վարսավիրների հետ. «Ասենք, պատկերացնում եք գա մի օր, որ որոշեն հիվանդանոցները հարկել վիրահատական սեղանների քանակով, ասենք`մի հիվանդանոցում այդ սեղանը զբաղված է օրական հինգ վիրահատությամբ, մյուսում` մեկ, դա չի նշանակում, որ վերջինը պիտի փակվի»:

Աղասի Մարգարյան