Ի՞նչ է ՄՌ տոմոգրաֆի հզորությունը

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) ախտորոշիչ պատկերների ստացման մեթոդ է, որը հիմնված է միջուկա-մագնիսային ռեզոնանսի երևույթի վրա: Սահմանման մեջ ամենակարևորը այն է, որ այս մեթոդը որևէ կապ չունի լիցքավորված ռադիոակտիվ մասնիկների և առողջության համար վտանգավոր այլ տարրերի հետ: ՄՌՏ հետազոտությունը իրականացվում է ՄՌ տոմոգրաֆների օգնությամբ:

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆների շատ կարևոր բնութագրիչն է հանդիսանում այն մագնիսական դաշտի լարվածությունը, որը նրանք ունեն: Որքան մեծ է այն, այնքան հետազոտության արդյունքները ավելի լավ են ստացվում: Որակների միջև տարբերությունները, թերևս, կարելի է համեմատել, թե ինչպես կտարբերվեր այսօր ժամանակակից հարթ էկրանի տված պատկերը հիսունականների ճառագայթային խողովակով աշխատող առաջին սև ու սպիտակ հեռուստացույցների տված պատկերից: Որոշ դեպքերում դա կարող է բավարար լինել, որպեսզի պարզվի, ասենք, գլխուղեղում ուռուցքի առկայությունը կամ բացակայությունը: Բայց եթե խոսքը գնում է դրա հստակ տեղակայման, կառուցվածքի, կոնտուրների, ինչպես նաև հարակից գոյացությունների մասին, ապա այդ տվյալները բավարար չեն և հետազոտությունը ստիպված պետք է կրկնել, հետևաբար կրկնակի անգամ վճարելով դրա համար:

Ցածրադաշտ ՄՌ տոմոգրաֆների (0,2-0,5 Տեսլա)` թույլ սարքերի միջոցով ստացված պատկերների ընդհանուր քանակը կլինի ավելի քիչ, որակը` ավելի վատ, ճշգրտությունը` ավելի նվազ: Դա հանգեցնում է ախտորոշիչ սխալների: Հետազոտության շատ մեթոդներ կարելի է կիրառել միայն բարձրադաշտ (1,5 Տեսլա և բարձր) ՄՌ-տոմոգրաֆների միջոցով: 1,5 Տեսլա ՄՌ տոմոգրաֆներով կատարված հետազոտությունները ճառագայթաբանության մեջ համարվում են միջազգային ոսկե ստանդարտ: Եվ արդեն ավելի քան 10 տարի է, ինչ համաշխարհային պրակտիկայում խորհուրդ չի տրվում հիվանդությունների ախտորոշման և բուժման համար հիմնվել 1 Տեսլայից ցածր մագնիսական դաշտի լարվածություն ունեցող ՄՌ տոմոգրաֆներով կատարված հետազոտությունների վրա: