Համակարգչային տոմոգրաֆիայի դերը թոքերի քաղցկեղը վաղ փուլում ախտորոշելիս

Ամբողջ աշխարհում թոքերի քաղցկեղը չարորակ նորագոյացությունների շարքում առաջին տեղն է զբաղեցնում՝ ըստ մահացության և հիվանդացության աստիճանի:  Թոքերի քաղցկեղից ավելի շատ մարդ է մահանում, քան հաստ աղու, շագանակագեղձի և կրծքագեղձի քաղցկեղից՝ միասին վերցրած: Հիմնական պատճառն այն է, որ թոքի քաղցկեղն ախտորոշվում է բավական ուշ շրջանում, երբ գոյություն ունեցող բուժման մեթոդներն այլևս արդյունավետ չեն: Թոքերի քաղցկեղի կլինիկական դրսևորումները հիվանդության վաղ շրջանում գրեթե բացակայում են: Մարդը կարող է տարիներ շարունակ ունենալ այս հիվանդությունը, սակայն չկասկածել դրա գոյության մասին: Հենց այս հանգամանքն էլ ուշ ախտորոշման հիմնական նպաստող հանգամանքն է:  Հաճախ կլինիկական ախտանիշները սկսում են ի հայտ գալ այն ժամանակ, երբ պրոցեսն արդեն իսկ բավական տարածված է և ընդգրկում է նաև այլ օրգան-համակարգեր: Եվ քանի որ թոքերի չարորակ հիվանդություն ունեցող մարդն առանձնապես բնորոշ գանգատներ չի ունենում, քիչ չեն դեպքերը, երբ թոքերի քաղցկեղներն ախտորոշվում են պատահաբար՝ այլ օրգան-համակարգերի հիվանդություններն ախտորոշելիս:

Թոքի քաղցկեղի զարգացման կարևորագույն ռիսկի գործոն է ծխելը: Տարբեր տվյաներով, թոքի քաղցկեղի դեպքերի 85-95% տղամարդկանց և 65-80% կանանց հիվանդացությունը պայմանավորված է ծխելու գործոնով: Թոքի քաղցկեղի զարգացման հարաբերական ռիսկը կապված է ծխելը սկսելու տարիքից, դրա տևականությունից, օրվա ընթացքում ծխած գլանակների քանակից: Պասիվ ծխելը նույնպես բարձրացնում է թոքի քաղցկեղի զարգացման ռիսկը:  Թոքի քաղցկեղի զարգացման այլ ռիսկի գործոններ են մասնագիտական հանգամանքները: Հաստատված է, որ որոշ քիմիական նյութեր և արտադրական գործընթացներ ուռուցքածին են: Այս ամենը՝ հիվանդության զարգացումն ու ընթացքը, չափազանց անհատական է, և բացի արտաքին խթանող հանգամանքները, մեծապես պայմանավորված է յուրաքանչյուր մարդու օրգանիզմի անհատական նախատրամադրվածությամբ: Թոքերի այլ հիվանդությունների առկայությունը, օդի աղտոտվածությունը, ժառանգական նախատրամադրվածությունը ևս հիվանդության առաջացումն ու զարգացումը պայմանավորող բաղադրիչներ են:
Հաշվի առնելով թոքի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոնների, մասնավորապես ծխելու, տարածվածությունը,  ինչպես նաև հիվանդության սկզբնական շրջանում կլինիկական դրսևորումների բացակայությունը, չափազանց կարևոր է վաղ ախտորոշումը: Սա բացառիկ հնարավորություն է հիվանդության շուտ հայտնաբերման և բուժական միջոցառումների կիրառման համար, երբ դրանք դեռևս հնարավոր ու արդյունավետ են: Վաղ շրջանում թոքի քաղցկեղի ախտորոշման համար ընդունված է կիրառել ֆլյուորոգրաֆիա, ռենտգեն հետազոտություն, խորխի ցիտոլոգիական հետազոտություն: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս մեթոդների արդյունավետությունը համեմատաբար փոքր է: Դրանք, մեծամասամբ, թույլ չեն տալիս ախտորոշել թոքի քաղցկեղը վաղ շրջանում՝ հետևաբար և նվազեցնելով ապաքինման հնարավորությունները:

Առավել նպատակահարմար է թոքի քաղցկեղի վաղ ախտորոշման համար կիրառել բազմապարույր համակարգչային տոմոգրաֆիան: Այն բարձր զգայունություն ունի, ինչը թույլ է տալիս հայտնաբերել թոքերում առկա փոփոխությունները:  Բարդ կառուցվածքի շնորհիվ,  ՀՏ հնարավորություն է տալիս հետազոտություններն իրականացնել շերտ առ շերտ՝ առանց պատկերների վերադրման, ինչպես օրինակ արվում է ռենտգեն հետազոտության ժամանակ: Սա հնարավորություն է ընձեռում տեսնել ու  ախտորոշել թոքերում առկա մինչև 3-4մմ չափերի փոփոխությունները: Որոշ դեպքերում ՀՏ հետազոտության ժամանակ կիրառվող ներերակային կոնտրաստավորումը ավելի է բարձրացնում պատկերների ինֆորմատիվությունը, հետևաբար և ճիշտ ախտորոշման հավանականությունը: Ժամանակակից  ՀՏ սարքերը ապահովում են հետազոտության ժամանակ ճառագայթման ավելի նվազ չափաքանակ, ինչը առավել նպատակահարմար է դարձնում այս մեթոդի կիրառումը, թե՛ որպես ախտորոշիչ և թե՛ կանխարգելիչ մեթոդ:

Թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկային խմբում գտնվող անձանց, հատկապես ծխողներին, խորհուրդ է տրվում յուրաքանչյուր տարի ՀՏ հետազոտություն կատարել: Քաղցկեղից ոչ ոք ապահովագրված չէ, ուստի կարևոր է բաց չթողնել թոքերի քաղցկեղի՝ ժամանակին բուժման կազմակերպման հնարավորությունը: Սա հնարավոր է բացառապես վաղ ախտորոշման պարագայում: 

Այս կարևոր հանգամանքները հաշվի առնելով՝ մեր կենտրոնում (ՄԻԲՍ -Երևան) իրականացվում է կանխարգելիչ հետազոտությունների շարք՝ հատուկ գնով: Այս նախաձեռնության նպատակը հանրության հնարավորինս լայն շերտերի համար հասանելիության ապահովումն է: 

ՄԻԲՍ երևանյան մասնաճյուղը հիմադրվել է 2012 թվականին: Կենտրոնը մշտապես՝ հիմնադրումից ի վեր, հայաստանյան բժիշկներին ու պացիենտներին ժամանակակից բժշկության նորարարություններն է առաջարկել: Անհերքելի է, որ ՄԻԲՍ-Երևանը  գիտական հնարավորությունների, նորարարության առումներով առաջատար դիրք է  զբաղեցնում: Մեր այցելուները մշտապես կարևորում են նաև մատուցված ծառայությունների, սպասարկման բարձր  որակը: 

Հագեցած լինելով բարձրակարգ ախտորոշիչ սարքերով՝ միաժամանակ չենք մոռանում նաև ծառայությունների մատչելիության հանգամանքը, եթե համեմատենք եվրոպական և ինչու չէ, հայաստանյան այլ կենտրոնների հետ, ապա միանշանակ կարելի է ասել, որ թե՛ ՄՌՏ-ի, թե՛ ՀՏ-ի հետազոտությունների գները ամենամատչելին են: