ՄՌՏ-ի դերը շագանակագեղձի քաղցկեղի բացահայտման մեջ

ՄՌՏ-ի բարձր պոտենցիալի դրսևորման ոլորտներից մեկն էլ շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշումն է։

«Բիոպսիայից առաջ ՄՌՏ-ի կիրառումը կլինիկական ստուգումներում շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերման նպատակով ներկայումս հետազոտության շատ արդիական թեմա է։ Վերջերս հրապարակված տպավորիչ արդյունքները ցույց են տալիս մեթոդի առավելությունները», - ասաց ԱՄՆ Օքսֆորդի համալսարանի Նաֆիլդի անվան վիրահատական ամբիոնի դոցենտ, բժիշկ Ռիչարդ Բրայանտը։

Բրայանտն ու իր թիմը կատարել են 2582 պացիենտների հետազոտությունների համակարգային վերլուծություն։ Համաձայն արդյունքների՝ բիոպսիայից առաջ ՄՌՏ-ն, նպատակային բիոպսիայի հետ մեկտեղ, կարող է բարձրացնել շագանակագեղձի՝ կլինիկական նշանակություն ունեցող քաղցկեղի բացահայտումը և նվազեցնել հետազոտության արժեքը։

Ուլտրաձայնային վերահսկողությամբ Punch/ասեղային բիոպսիաներն իրականացվում են առանց բիոպսիայից առաջ վիզուալիզացիայի։ Ըստ Բրայանտի՝ նման մոտեցումը կենտրոնացված է այն տեղամասի վրա, որտեղ շագանակագեղձի քաղցկեղը հանդիպում է միայն 70% դեպքերում, ինչը կարող է հանգեցնել քաղցկեղի թերի բուժման։

Նախաբիոպսիային ՄՌՏ-ի ծախսերի վերաբերյալ հարցի առնչությամբ Բրայանտը հստակեցրեց, որ դրա արժեքն «ընկել է վերջին տարիների ընթացքում, ու քանի որ վիզուալիզացիայի այս մեթոդը գնալով լայն տարածում է գտնում աշխարհում, սքանավորման գինը կարող է է՛լ ավելի նվազել»։

Բացի այդ, ՄՌՏ վիզուաիզացիայի արժեքը կարող է կոմպենսացվել  բիոպսիայի հետ կապված պրոցեդուրաների քանակի և ցածր աստիճանի ռիսկայնությամբ շագանակագեղձի չարորակ ուռուցքի հայտնաբերման դեպքերի կրճատման շնորհիվ,  խնայողության հաշվին։ Նման ուռուցքներով պացիենտներից շատերը կարող են խուսափել բիոպսիայից, եթե նրանց մուլտիպարամետրիկ ՄՌՏ հետազոտությունների արդյունքները անհանգստության տեղիք չեն տալիս։

Նրանց համար, ում ամեն դեպքում բիոպսիա է ցուցված, ՄՌՏ-ն կարող է կենսական նշանակություն ունենալ որպես պրոցեդուրայի ճշգրտության վերահսկողության միջոց: Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում (ԱՄՆ) 2019թ հունիսին հրատարակված զեկույցում ասվում է, որ ՄՌՏ-ի և ուլտրաձայնային հետազոտության համակցված կիրառումը շագանակագեղձի քաղցկեղի բիոպսիայի անցկացման ճշգրտության վերահսկողության գործընթացում թույլ է տալիս 33%-ով ավելի շատ ուռուցք հայտնաբերել:  ՈՒՁՀ-ն ցույց է տալիս ուռուցքի տեղակայումը շագանակագեղձում, իսկ ՄՌՏ-ն օգնում է գտնել սպեցիֆիկ ախտահարման տեղամասերը, ինչն էլ հնարավորություն է տալիս բժիշկներին վերցնելու  հյուսվածքի նմուշներ միայն տվյալ տեղամասերից։

Իրենց հետազոտության համար Լոս Անջելեսի Կալիֆորնյան համալսարանի գիտնականները խնդրել են 300 հոգու ՄՌՏ հետազոտություն անցնել, և նրանցից 248-ի մոտ հայտնաբերվել են շագանակագեղձի պաթոլոգիական նորագոյացություններ։