ՄՌՏ հետազոտության դերը գլխուղեղի ուռուցքների ախտորոշման հարցում

Գլխուղեղը մեր օրգանիզմի կենտրոնական նյարդային համակարգի առանցքային օղակն է։ Նրա աշխատանքի շնորհիվ իրականացվում է մեր օրգանիզմի կենսագործունեության, ինչպես նաեւ բարձրագույն նյարդային ֆունկցիաների (մտածողություն, խոսք եւ այլն) կառավարումը։ Գլխուղեղը գտնվում է գանգի խոռոչում, որը հուսալիորեն պաշտպանում է այն արտաքին աշխարհից՝ միեւնույն ժամանակ դժվարացնելով հիվանդությունների ախտորոշումը եւ բժշկական միջամտությունների իրականցումը։ Հարկ է նշել, որ գլխուղեղի ցանկացած միջմտություն պահանջում է խստագույն ճշգրտություն, ինչը առավելապես կարեւորում է միջամտությունից առաջ ճշգրիտ ախտորոշման դերը։ Գլխուղեղի ուռուցքների ախտորոշման մասին NEWS.am Medicine-ը զրուցեց ԿՀՄԻ բժշկա-ախտորոշիչ կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Դիանա Սահակյանի հետ:

Որոնք՞ են ամենահաճախ հանդիպող գլխուղեղի ուռուցքները

Գլխուղեղի ուռուցքը գանգի խոռոչում ոչ նորմալ հյուսվածքի աճ է։ Ուռուցքը կարող է աճել ինչպես գլխուղեղի ներսում, այնպես էլ նրա կողքին՝ սեղմելով այն։ Տարբերում են գլխուղեղի ուռուցքների երկու հիմնական խումբ` գլխուղեղից կամ նրա թաղանթներից աճող ուռուցքներ (առաջնային) եւ մետաստատիկ ուռուցքներ (եկրորդային), որոնք այլ օրգաններից տարածվում են դեպի գլխուղեղ։ Գանգի խոռոչի ներսում առաջացող ուռուցքներից են օրինակ գլիոմաները, մեդուլոբլաստոմաները, մենինգիոմաները, հիպոֆիզի ադենոման, կրանիոֆարինգիոմաները եւ այլն։ Գլխուղեղի մետաստատիկ ախտահարում հաճախակի առաջանում է թոքերի, կրծքագեղձի, մաշկի, աղիների եւ այլ օրգաններում առաջնային ուռուցքների առկայության դեպքում։

Իսկ որ՞ ուռուցքներն են ավելի հաճախ հանդիպում եւ որոնք՞ են առավել վտանգավոր՝ առաջնայի՞ն, թե՞ երկրորդային ուռուցքները

Մեծահասակների մոտ գլխուղեղի առաջնային չարորակ ուռուցքներից ամենամեծ հաճախությունն ունեն գլիոմաները, իսկ երեխաների մոտ՝ մեդուլոբլաստոմաները։ Վերջիններս ողնուղեղային հեղուկով կարող են տարածվել դեպի կենտրոնական նյարդային համակարգի այլ հատվածներ (օր․՝ ողնուղեղ)։ Այլ օրգաններում առկա ուռուցքային պրոցեսը գլխուղեղ է տարածվում արյան շրջանառության միջոցով։ Տղամարդկանց մոտ հաճախակի են հանդիպում թոքերի քաղցկեղից առաջացած մետաստազները, կանանց մոտ՝ կրծքագեղձի ուռուցքներից։ Մեծ վտանգ են ներկանացնում նաեւ մելանոմաները (մաշկի ուռուցքները), որոնք ունենում են բարձր ագրեսիվություն։ Այս բոլոր ախտահարումները կարիք ունեն վաղ ախտորոշման, ինչպես նաեւ հետվիրահատական պարբերաբար իրականացվող հսկողության, քանի որ ունեն կրկնվելու հակում։

Ինչպիսի՞ ախտանշաններ են առաջանում գլխուղեղի ուռուցքների ժամանակ եւ կարո՞ղ են արդյոք ուռուցքները զարգանալ առանց որեւէ ախտանիշի

Գլխուղեղի ուռուցք ունեցող անձը կարող է ունենալ տարբեր գանգատներ ՝ գլխացավ, սրտխառնոց եւ փսխում, ձեռքի կամ ոտքի թուլություն, խոսքի խանգարում, տեսողության կամ լսողության խանգարում, վարքի փոփոխություն, ցնցումներ եւ այլն։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որտեղ է գտնվում ուռուցքը, որ կենտրոնների ախտահարումն է առաջացնում եւ այլն։ Սկզբնական շրջանում ուռուցքները երբեմն կարող են զարգանալ առանց որոշակի գանգատների։ Գանգի խոռոչում գտնվում են նաեւ հորմոններ արտադրող գեղձեր, որոնց ուռուցքային ախտահարման արդյունքում կարող է զարգանալ, օրինակ, դաշտանային ցիկլի խանգարում, չբերություն, վերջույթների չափսերի մեծացում ինչպես նաեւ այլ բազմաթիվ գանգատներ։

Գլխուղեղի ուռուցքների ախտորոշման հարցում որ՞ մեթոդին է պետք առաջնություն տալ

ՄՌՏ կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան ներկայումս հանդիսանում է գլխուղեղի ուռուցքների նախավիրահատական ախտորոշման ամենակարեւոր, եթե չասենք միակ ճշգրիտ մեթոդը։ Այն թույլ է տալիս անվտանգ կերպով հայտնաբերել ուռուցքը, մեծ ճշգրտությամբ պարզել նրա տեղակայումը, չափերը, հարակից կառույցների հետ փոխհարաբերությունը եւ հաճախ պարզել նաեւ ուռուցքի տեսակը։ Այս ինֆորմացիան կրիտիկական նշանակություն ունի բուժման պլանավորման եւ անհրաժեշտության դեպքում ճշգրիտ վիրաբուժական միջամտության իրականացման համար։

Ինչպես՞ է աշխատում ՄՌՏ սարքը եւ ինչ՞ է կոնտրաստային նյութը։

ՄՌՏ հետազոտության ընթացքում հիվանդի շուրջը ստեղծվում է մագնիսական դաշտ, այնուհետեւ գրանցվում է հյուսվածքներից ստացվող արձագանքը։ Կախված հյուսվածքում ջրածնի պարունակության առանձնահատկություններից ստացվող արձագանքը տարբերվում է։ Արդյունքում հնարավորություն է ստեղծվում մեծագույն ճշտությամբ տեսնել գլխուղեղի նույնիսկ մինիմալ փոփոխությունները։ Մենք հնարավորություն ունենք նաեւ օգտագործելով հատուկ կոնտրաստավորող նյութ «ներկել» հյուսվածքները եւ այդպիսով առավել ընդգծել ախտահարված եւ առողջ հյուսվածքների միջեւ տարբերությունը։ Կոնտրաստավորման անհրաժեշտությունը որոշվում է հետազոտութունը իրականացնող մասնագետի` բժիշկ-ռադիոլոգի կողմից։ Դա մի քանի անգամ մեծացնում է մեթոդի արդյունավետությունը,որն, ինչպես նշեցի, խիստ կարեւոր է ճշգրիտ ախտորոշման եւ առավել արդյունավետ բուժման համար։

Գլխուղեղի նախավիրահատական հետազոտման այլ ինչ՞ մեթոդներ են կիրառելի

Բավական մեծ կիռարելիություն ունի նաեւ համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ կամ ԿՏ), որը, սակայն գլխուղեղի ուռուցքների ախտորոշման հարցում ինֆորմատիվությամբ զիջում է ՄՌ տոմոգրաֆիային։ Գլխուղեղի ՀՏ-ն օգտագործվում է այն դեպքերում, երբ ՄՌՏ-ն հակացուցված է։ Համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով հնարավոր է նաեւ արագ հետազոտել օրգանիզմի այլ հատվածները (օրինակ կրծքավանդակի, որովայնի խոռոչի, փոքր կոնքի օրգանները) եւ ախտորոշել նրանցում առկա ախտաբանական պրոցեսները։ Ախտորոշիչ տարբեր մեթոդների համադրումը հատկապես կարեւոր է երկրորդային (մետաստատիկ) ախտաhարումների պարագայում լիարժեք բուժում կազմակերպելու նպատակով։ Ներկայումս, տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, աճ է ապրում նաեւ բժշկական ռադիոլոգիայի ոլորտը։ Ստանդարտ ՀՏ եւ ՄՌՏ հետազոտություններից բացի երբեմն կիրառվում են նաեւ ՊԷՏ-ՀՏ, ՊԷՏ-ՄՌՏ, ՄՌ-սպեկտրոսկոպիա, ՄՌ-պերֆուզիա եւ այլն, որոնք լրացուցիչ տեղեկություններ են տալիս գլխուղեղի ուռուցքների եւ այլ փոփոխությունների տարբերակիչ ախտորոշման համար։ Վերջին երկու հետազոտությունը ի դեպ, կատարվում են նաեւ մեր կենտրոնում եւ բարձրացնում է ՄՌՏ ախտորոշիչ հնարավորությունները:

Իսկ ինչպես՞ են բուժվում գլխուղեղի ուռուցքները

Ներգանգային ուռուցքների տեսակներից կախված բուժման տակտիկան տարբերվում է։ Մեծամասամբ ընտրվում է վիրաբուժական տարբերակը։ Գոյացության հեռացումից բացի այն թույլ է տալիս նաեւ հետագա բջջաբանական քննության ենթարկել հեռացված հյուսվածքը։ Ուռուցքաբանը հիմնվելով այդ տվյալների վրա անհրաժեշտության դեպքում նշանակում է քիմիաթերապիա եւ/կամ ճառագայթային բուժում։  Հարկ է նշել նաեւ, որ կան ներգանգային գոյացությունների տեսակներ, որոնց բուժման համար ի սկզբանե կարող է օգտագործվել միայն ճառագայթային բուժում կամ ռադիովիրաբուժություն (Գամմա կամ Կիբեր դանակներ)։ Այս դեպքում հիվանդը կարող է խուսափել բաց վիրահատությունից եւ արդյունքում առաջացող հնարավոր բարդություններից։

ԿՀՄԻ ԲԱԿ-Երեւան

Հասցե` ՀՀ, ք. Երեւան, Բագրատունյաց 1

Հեռ` 011 42-11-11, 010 42-83-11

Վեբ-կայք` www.ldc.am