ՄՌՏ հետազոտությունը` ողնաշարի հիվանդությունների ախտորոշման լավագույն մեթոդ

26 հոկտեմբերի, 11:52

Մեզնից շատերը կյանքի ընթացքում ունենում են պարանոցի և մեջքի ցավեր, որոնք կարող են պայմանավորված լինել ողնաշարի տարբեր հիվանդություններով: Դրանց ախտորոշման մասին NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է ՄԻԲՍ բժշկա-ախտորոշիչ կենտրոնի Երևանյան մասնաճյուղի ՄՌՏ բաժանմունքի վարիչ Նարեկ Մատինյանի հետ:

Որո՞նք են ողնաշարի ցավի հիմնական պատճառները:

Ինչպես ողնաշարի հատվածում, այնպես էլ օրգանիզմի այլ հատվածներում առկա ցավի պատճառները կարող են լինել բազմազան: Ցավն այն հետաքրքիր ախտանիշներից է, որի պատճառը որոշ դեպքերում կարող է հանդիսանալ տեղային ինչ-որ փոքր խնդիր, իսկ մեկ այլ պարագայում այն կարող է մեզ հուշել օրգանիզմում առկա բավականին լուրջ հիվանդությունների մասին: Այդ իսկ պատճառով,  բժիշկների, իսկ մասնավորապես բժիշկ-ռադիոլոգների պարտքն է հնարավորինս շուտ հայտնաբերել ցավի պատճառը, ախտորոշել առկա հիվանդությունը, որպեսզի բուժող բժշկի կողմից նշանակվող բուժումը լինի առավել արդյունավետ:

Որպես կանոն ողնաշարի հատվածում առկա ցավի դեպքում թե՛ պացիենտների, թե՛ բուժող բժիշկների մեծ մասն առաջին հերթին փորձում է ժխտել կամ հաստատել ողնաշարի միջողային սկավառակների ճողվածքների առկայությունը:

Ի՞նչ է ողնաշարի միջողային սկավառակի ճողվածքը:

Միջողային սկավառակները դոնդողանման աճառային կառուցվածքներ են, որոնք գնտվում են ողերի միջև: Կյանքի ընթացքում տարբեր գործոնների ազդեցության և վնասվածքների արդյունքում միջողային սկավառակի արտաքին շերտի (ֆիբրոզ օղ) ամբողջականության խախտման հետևանքով սկավառակի պարունակությունը կարող է ներհրվել դեպի ողնաշարային խողովակ` առաջացնելով ճողվածք, որը մեր բնակչության մեծ մասին առավել հայտնի է իր ռուսերեն անվանվամբ` «грыжа диска». Սեղմելով կամ հպվելով տվյալ հատվածում առկա նյարդային արմատիկներին` ճողվածքն առաջացնում է ցավ կամ զգացողության խանգարումներ (այրոց, ծակոց, թմրածություն) ողնաշարի, ինչպես նաև ձեռքերի և ոտքերի տարբեր հատվածներում:

Ի՞նչ կիրառություն ունի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան ճողվածքների ախտորոշման մեջ:

Ճողվածքների հայտնաբերման հարցում ժամանակակից ախտորոշիչ մեթոդներից առավել ինֆորմատիվը մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան է (ՄՌՏ): Այն անվնաս հետազոտություն է, այսինքն` ի տարբերություն ռենտգեն հետազոտության կամ համակարգչային տոմոգրաֆիայի, ՄՌՏ-ի ժամանակ չեն կիրառվում իոնիզացնող ճառագայթներ: ՄՌՏ-ն հնարավորություն է տալիս հստակ գնահատել ամեն մի սկավառակի կառուցվածքը և հայտնաբերել առկա ճողվածքները: Ստացված եռաչափ պատկերներն ուսումնասիրելով` մենք կարողանում ենք ճշգրիտ որոշել ճողվածքի չափսը, տեղակայումը և նյարդային ազդեցությունը: ՄՌՏ-ի արդյունքները բուժող բժշկին հնարավորություն են տալիս ճիշտ ընտրություն կատարել բուժման բազմաթիվ մեթոդների միջև, հետագայում նաև գնահատել կատարված բուժման արդյունավետությունը:

Ողնաշարի ո՞ր հատվածներում են առավել հաճախ հանդիպում միջողային սկավառակների ճողվածքները:

Ողնաշարի կառուցվածքից ելնելով, նստակյաց դիրքի, տարաբնույթ ծանրություններ բարձրացնելու, վնասվածքների և ընդհանրապես սխալ ապրելակերպ վարելու պատճառով սովորաբար առավել մեծ ծանրաբեռնվածության է ենթարկվում և տուժում հենց գոտկասրբանային հատվածը, հետևաբար ճողվածքներն առավել հաճախ հանդիպում են հենց այնտեղ: Արդյունքում գոտկասրբանային հատվածի ցավից տառապող պացիենտների մեծ մասի մոտ ՄՌՏ հետազոտության արդյունքում հայտնաբերվում է միջողային սկավառակի ճողվածք:

Ճողվածքների հանդիպման երկրորդ առավել տարածված հատվածը հանդիսանում է պարանոցը: Տվյալ հատվածի նույնիսկ փոքր ճողվածքները կարող են ուղեկցվել բավականին լուրջ ցավային ախտանիշներով: Պարանոցային հատվածում առկա մեծ ճողվածքները կարող են սեղմել ոչ միայն նյարդարմատիկները, այլ նաև ողնուղեղը` արդյունքում առաջացնելով շատ ավելի լուրջ խնդիրներ: ՄՌՏ-ն հնարավորություն է տալիս ոչ միայն հայտնաբերել պարանոցային հատվածի միջողային սկավառակների ճողվածքները, այլ նաև գնահատել ողնուղեղի վիճակը, հայտնաբերել նույնիսկ ամենանուրբ օջախային ախտահարումները:

Իսկ ողնաշարի կրծքային հատվածում կարո՞ղ են առաջանալ ճողվածքներ:

Այո, իհարկե, ողնաշարի կրծքային հատվածում առկա մեծ ճողվածքները նույնպես կարող են ազդեցություն ունենալ ողնուղեղի վրա: Այս հատվածի մանրակրկիտ հետազոտման համար, ՄՌՏ-ն դարձյալ հանդիսանում է ամենաինֆորմատիվ և անվնաս ախտորոշիչ մեթոդը:

Բացի ճողվածքներից ուրիշ ի՞նչ պատճառներ կարող է ունենալ ողնաշարի ցավը:

Ողնաշարի ցավը կարող է ունենալ տարբեր պատճառներ` բորբոքումներ, ուռուցքային պրոցեսներ և այլն: ՄՌՏ-ի հատուկ ծրագրեր օգտագործելով` մենք կարողանում ենք հայտնաբերել բորբոքային տեղամասերը, հստակ գնահատել բորբոքման ծավալը և բնույթը:

ՄՌՏ-ի միջոցով մենք կարողանում ենք նաև հայտնաբերել ողնաշարի ուռուցքները, որոշ դեպքերում նույնիսկ հստակ նշել դրանց տեսակը: Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով մենք կարող ենք հետազոտել ամբողջ օրգանիզմի գրեթե բոլոր օրգանները և հատվածները: Այդ իսկ պատճառով, եթե ողնաշարում հայտնաբերում ենք մետաստազներ, ապա ՄՌՏ-ի միջոցով կարող ենք նաև գտնել այն օրգանը, որտեղ թաքնված է առաջնային ուռուցքը:

Իսկ որքա՞ն է տևում ողնաշարի ՄՌՏ հետազոտությունը:

Որքան հզոր է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆը, այնքան ավելի արագ է կատարվում յուրաքանչյուր հետազոտություն: Մեր կենտրոնում տեղադրված է հզոր մագնիսա–ռեզոնանսային տոմոգրաֆ, որը հնարավորություն է տալիս ողնաշարի մեկ հատվածը հետազոտել մոտ 15 րոպեում: Այդ ընթացքում պացիենտին անհրաժեշտ է ուղղակի անշարժ պառկել և ունկնդրել  ականջակալներով մատուցվող հաճելի երաժշտությունը:

Վերջում ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:

Մեր ազգաբնակչությանը խորհուրդ կտամ նախ և առաջ վարել առողջ ապրելակերպ: Խոսքս ուղղում եմ առաջին հերթին մեր երիտասարդներին: Փորձեք հրաժեշտ տալ նստակյաց կյանքին և նվազեցնել համակարգչի առջև նույն դիրքով նստած ժամերի քանակը, վարեք առավել դինամիկ ապրելակերպ և զբաղվեք լողով: Իսկ եթե ողնաշարի հատվածում առաջացել են ցավեր, ձեռքերում կամ ոտքերում ունեք ցավ կամ թմրածություն, ապա խորհուրդ կտամ շտապ դիմել բժշկի (նյարդաբանի կամ ողնաշարաբանի) և անցնել ՄՌՏ հետազոտություն:

ՄԻԲՍ բժշկական կենտրոն

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Բագրատունյաց 1

Հեռ` 011 42-11-11, 010 42-83-11

Վեբ-կայք` www.ldc.am