ՄՌՏ-ն ցույց է տալիս դեմենցիայի տարածվածությունը

Ֆունկցիոնալ ՄՌՏ (ՖՄՌՏ) պատկերների հիման վրա ստեղծված գլխուղեղի քարտեզները հնարավորություն կտան կանխատեսել գլխուղեղի ատրոֆիայի տարածվածությունը, որը հանգեցնում է պրոգրեսիվ դեմենցիայի: Այս եզրակացությանը եկել են հետազոտության հեղինակները, և արդյունքները հրապարակվել են Neuron ամսագրում։  

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքի համալսարանի հետազոտողները օգտագործել են այս ՖՄՌՏ քարտեզները, որպեսզի բարձր ճշգրտությամբ որոշեն գլխուղեղի ակտիվության այն «էպիկենտրոնները», որոնք հանգեցնում են դեմենցիայի։ Այդ նպատակով ատրոֆիայի (բջիջների չափսերի փոքրացում) արդյունքում առաջացած գլխուղեղի տարբեր մասերի միջնեյրոնային կապերի պատկերը համեմատվել է ելակետային պատկերների հետ։ Այդ տվյալների հիման վրա գիտնականները ստեղծել են վիճակագրական մոդել, որով կարելի է կանխատեսել, թե ինչպես ատրոֆիան կտարածվի գլխուղեղի այլ մասեր։

«Մեզ հաջողվեց ստանալ երկայնական հետազոտությունների նոր տվյալներ այն մասին, որ նեյրոդեգեներատիվ գործընթացները տարածվում են միջնեյրոնային կապերով։ «Հետագայում մեր աշխատանքը կօգնի, որպեսզի հիվանդության կանխատեսման և մոնիտորինգի համար նեյրոնային ցանցի հիմքի վրա մշակվեն կլինիկական գործիքներ»,-ասել է հետազոտության հեղինակ Ջեսի Բրաունը, ով հանդիսանում է Կալիֆորնիայի համալսարանի հիշողության և ծերացման ուսումնասիրության կենտրոնի նյարդաբանության ամբիոնի դոցենտ։

Պարզվել է, որ նեյրոդեգեներատիվ հիվանդությունները տարածվում են գլխուղեղի միջնեյրոնային կապերով։ Սակայն, բժիշկները դեռ չեն կարող ճշգրիտ հաշվարկել քայքայման ուղիները: Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ նեյրոդեգեներատիվ գործընթացների ուղղությունները կանխատեսելու դեպքում բժիշկները կկարողանան ավելի լավ բուժել հիվանդությունը կամ նույնիսկ ամբողջությամբ հաղթահարել ծերունական դեմենցիան։

«Մեր ենթադրությունը, որ հիվանդության զարգացումը կարելի է կանխատեսել միջնեյրոնային  կապերով, հիմնականում հիմնված է այն փաստի վրա, որ այս պաթոլոգիական հիվանդությունը անմիջապես տարածվում է գլխուղեղի անատոմիական կապերի միջև»,- գրել են հետազոտողները։

Հիպոթեզի ստուգման համար Բրաունը և իր գործընկերները 75 առողջ և տարեց մարդկանց կատարել են ֆունկցիոնալ ՄՌՏ սկանավորում, որպեսզի ստեղծեն գլխուղեղի 175 տարբեր մասերի ֆունկցիոնալ կառուցվածքները ներկայացնող քարտեզներ, որոնք մաքսիմալ համապատասխանում էին հիվանդության սկզբնական շրջանում ատրոֆիայի ազդեցությամբ գլխուղեղի կառուցվածքին։

«Օգտագործելով այս քարտեզները՝ մենք հայտնաբերեցինք յուրաքանչյուր պացիենտի էպիկենտրոնը: Որպես էպիկենտրոն ընդունվում է այն տարածքը, որում միջնեյրոնային կապերի քարտեզը առողջ մարդկանց մոտ մաքսիմալ համապատասխանում էր պացիենտների ատրոֆիայի քարտեզին»,- պարզաբանել են գիտնականները։

Այնուհետև հետազոտողները վերլուծել են 42 պացիենտների տվյալները, որոնք ունեն վարքագծային տեսակի ճակատաքունքային (ֆրոնտոտեմպորալ) դեմենցիա, որը բացասաբար է անդրադառնում մարդու սոցիալական վարքագծի վրա, և սեմանտիկ տեսակի առաջնային պրոգրեսիվ աֆազիա (մարդու լեզվական հմտությունների նվազում ուղեղի նեյրոդեգեներատիվ գործընթացների պատճառով): Ուղեղի դեգեներացիայի աստիճանի գնահատման համար յուրաքանչյուր սուբյեկտ ենթարկվել է նախնական ՖՄՌՏ սկանավորման։ Մոտավորապես 12 ամիս անց հիվանդության զարգացումը գնահատելու համար կատարվել է ՖՄՌՏ երկրորդ հետազոտություն: Արդյունքում, գիտնականներին հաջողվեց պարզել հիվանդության առաջացման առաջնային տեղը (էպիկենտրոն), այնուհետև տեսնել, թե ինչպես և ուր է տարածվում հիվանդությունը:

ՖՄՌՏ սկանավորումների նախնական և հաջորդող արդյունքների համեմատությունը բացահայտեց երկու ցուցանիշ, որոնք զգալիորեն բարելավում են ուղեղի ատրոֆիայի կանխատեսումը։ Ցուցիչներից մեկը «դեպի էպիկենտրոն ամենակարճ ճանապարհն է», որը այն հեռավորությունն է ատրոֆիայի էպիկենտրոնից մինչև ուղեղի մոտակա հատվածը, որն արդեն սկսում է ցույց տալ հիվանդության նախանշաններ: Երկրորդ կարևոր ցուցիչը «հանգույցային վտանգն» է, որը ցույց է տալիս ուղեղի այն հատվածների քանակը, որոնք կապված են գենետիկական ատրոֆիայից տուժած մասի հետ:

«Ամենակարճ ճանապարհը» թույլ է տալիս ենթադրել, որ էպիկենտրոններով տարածքները «նվազեցրել են փոփոխությունների արագությունը այն բանից հետո, երբ դրանց վրա ատրոֆիայի ազդեցությունը հասել է իր մաքսիմումին՝ գրեթե չթողնելով ոչ մի առողջ գորշ նյութ։ Ընդ որում, էպիկենտրոնների հարակից տարածքները քայքայվել էին առավելագույն արագությամբ»,- գրում են Բրաունը և իր գործընկերները։ Ինչ վերաբերվում է երկրորդ ցուցանիշին, ապա ավելի խոշոր հանգույցային վտանգ ունեցող տարածքները ցույց տվեցին ավելի մեծ երկայնական ատրոֆիա:

«Օգտագործելով այս կանխատեսող գործոնները՝ մենք կարողացանք ճշգրիտ կերպով կանխատեսել պացիենտների մեծամասնության մոտ ատրոֆիայի զարգացման ուղղությունը», - ավելացնում են հեղինակները:

Իր կանխատեսող մոդելը բարելավելու համար՝ Բրաունը և գործընկերները առաջարկում են օգտագործել նյարդային հանգույցների ֆունկցիոնալ և անատոմիական քարտեզներ, որպեսզի տեսնեն, թե ինչպես է հիվանդությունը ազդում միջնեյրոնային կապերի վրա և ինչպես է այն նպաստում ատրոֆիայի տարածմանը: