ՄՌ ախտորոշման նոր սահմանները

Դժվար է պատկերացնել ժամանակակից դիագնոստիկան առանց մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ)։ Ավելին, ոլորտի նորագույն զարգացումներին զուգահեռ վիզուալիզացիայի այս մեթոդի հեռանկարներն է՛լ ավելի են մեծանում:

ՄՌՏ-ն հավակնում է դառնալ կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման հաջորդ քայլը։ 

Կրծքագեղձի ՄՌՏ-ի առավելություններն ու թերությունները

Տարիներ շարունակ ՄՌՏ-ի ներառումը կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց սքրինինգի ծրագրի բուռն քննարկումների թեմա էր։ Մինչ այսօր այդ հարցին միանշանակ պատասխան չի տրվել, սակայն վերջին հետազոտությունները փորձել են առանձնացնել պացիենտների այնպիսի խումբ, որոնց համար վիզուալիզացիայի այս մեթոդը կարող է առավել օգտակար լինել։

2019թ․-ի հուլիսին Տորոնտոյի համալսարանի (Կանադա) գիտնականները հրատարակեցին հետազոտության արդյունքները՝ հաստատելով, որ այն կանանց համար, ովքեր մանկական տարիքում ենթարկվել են կրծքավանդակի ճառագայթային թերապիայի՝ Հոջկինի լիմֆոմայի բուժման նպատակով, կրծքագեղձի  ամենամյա ՄՌՏ սքրինինգը կարող է առավել օգտակար լինել, քան 30 տարեկանից հետո ներկայիս նորմատիվ ամենամյա հետազոտությունը, որը միավորում է մամոգրաֆիա և ՄՌՏ հետազոտությունները։

Տորոնտոյի համալսարանի  ճառագայթային ուռուցքաբանության ամբիոնի պրոֆեսոր, բժիշկ Դեյվիդ Հոջսոնը բացատրեց, որ որոշ ուսումնասիրություններ փաստում են՝ մամոգրաֆիան կարող է հայտնաբերել ծորանային «in situ»` «տեղում» կարցինոման, որը դրսևորվում  է կրծքագեղձի  նախաքաղցկեղային կարծրացումների տեսքով, որոնք հաճախ աննկատ են մնում ՄՌՏ սկանավորման ժամանակ։

«Ծորանային «in situ» կարցինոմայի հայտնաբերումը չի երկարացնում կյանքի տևողությունը և չի նվազեցնում կրծքագեղձի քաղցկեղից մահացությունը, - ասաց Հոջսոնը։ - Այդ հիվանդության բուժումը չի պահանջում քիմիաթերապիա՝ ի տարբերություն կրծքագեղձի ինվազիվ քաղցկեղի, որի դեպքում քիմիաթերապիան  հաճախ է կիրառվում։ Այդ իսկ պատճառով կարող է պատահել այնպես, որ մամոգրաֆիայի շնորհիվ ծորանային «in situ» կարցինոման հայտնաբերվի ու վիրահատական ճանապարհով հեռացվի՝ հնարավորություն տալով պացիենտին խուսափել քիմիաթերապիայի կուրսից, բայց չփրկի նրա կյանքը»։

Հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ 30 տարեկանից բարձր պացիենտների՝ մամոգրաֆիայի և ՄՌՏ-ի համադրությամբ իրականացվող սքրինինգը պակաս արդյունավետ և առավել թանկ է, քան միայն ՄՌՏ-ով սքրինինգը։ Բացի այդ, 25-ամյա կանանց սքրինինգը, հետազոտման երկու մեթոդների համակցման դեպքում, միայն մամոգրաֆիայի փոխարեն, էականորեն չի ազդել կյանքի տևողության և դրա որակի բարելավման վրա։ «Սա շատ կարևոր է,  քանզի  Հոջկինի լիմֆոմայի բուժում ստացած կանայք չգիտեն, որ կրծքի սքրինինգը հարկ է սկսել առավել վաղ՝ ՄՌՏ-ի օգնությամբ, առաջին օգնության շատ բժիշկներ նույնպես տեղեկացված չեն այդ մասին», - ասաց Հոջսոնը։

2018թ․ Սան Անտոնիոյի՝ կրծքագեղձի քաղցկեղի ուսումնասիրմանն ու բուժմանը նվիրված ամենամյա ցուցահանդեսում ներկայացված հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ կրծքագեղձի ՄՌՏ-ն կարող է օգտակար լինել նաև կանանց մեկ այլ որոշակի ենթախմբի համար։ BRCA 1 և BRCA 2 գեներում մուտացիաներ ունեցող կանայք, սկսած 30 տարեկանից, պետք է կես տարին մեկ կրծքագեղձի ՄՌՏ հետազոտություն անցնեն ամենամյա մամոգրաֆիայի փոխարեն։

Չիկագոյի և Վաշինգտոնի բժշկական համալսարանի գիտնականների խումբը (ԱՄՆ) ուսումնասիրել է ՄՌՏ-ի և մամոգրաֆիայի արդյունավետությունը։ Նրանք վերլուծության են ենթարկել 295 կանանց տվյալներ, որոնց մոտ առկա էր քաղցկեղի զարգացման ավելի քան 20% ռիսկայնություն։ ՄՌՏ-ի շնորհիվ հնարավոր էր եղել առավել վաղ բացահայտել ինվազիվ քաղցկեղը և բացառել մամոգրաֆիայի գրանցած կասկածելի շեղումները։

Հիմա խոսենք թերությունների մասին․ ՄՌՏ-ի թերություններից է դրա դժվարամատչելի լինելը։ 5 տարվա ընթացքում պացիենտների 27%-ը հրաժարվել է հետազոտման այս տեսակից՝ արժեքի պատճառով։ Ինչպես ենթադրում են գիտնականները, ոլորտում հավելյալ ուսումնասիրություններ կատարելու դեպքում կարելի է կրծքագեղձի ՄՌՏ սքրինինգի ապահովագրական ծածկույթն այս խմբի կանանց համար առավել մատչելի դարձնել։

Բացի բարձր արժեքից, կրծքի ՄՌՏ-ն ևս մեկ թերություն ունի․ այն կարող է հանգեցնել անցանկալի բիոպսիաների։ Բացի այդ, 2019թ․ հրատարակված հետազոտությունը ցույց է տալիս, որ զգայունության և սպեցիֆիկության ոչ մի տարբերություն չի նկատվել, միայն մամոգրաֆիական սքրինինգի և համակցված սքրինգի  (վերջինս ներառում է մամոգրաֆիան և կաթնագեղձի ՄՌՏ-ն) միջև։  

«Կոնտրաստ նյութի կիրառմամբ կաթնագեղձի քաղցկեղի ՄՌՏ հետազոտությունն օգնում է բացահայտել պաթոլոգիկ նորագոյացություններ, որոնք կարող են հայտնվել անսպասելի տեղերում, ինչն էլ կրծքագեղձի քաղցկեղի առանձնահատկություններից է, - ասում է Վաշինգտոնի Քայզեր Փերմանենտ գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող բժիշկ Քերըն Ուերնլին։ -Կարծում եմ՝ ռադիոլոգները կարող են օգտվել կրծքագեղձի ՄՌՏ պատկերների հետ իրենց աշխատանքային փորձից, սակայն նրանց հետ զրույցներից հասկանում եմ, որ գտնված շեղումները կնշանակեն կրծքագեղձի քաղցկեղի կրկնակի հետազոտությունների քանակի ավելացում»։

ԱՄՆ-ում ներկայումս գործող նորմատիվները պահանջում են մամոգրաֆիայի ամենամյա անցկացում կրծքագեղձի երկրորդային քաղցկեղի սքրինինգի համար։ Սակայն կրծքագեղձի քաղցկեղի բուժում անցած պացիենտների ավելի մեծ խումբ որպես կրծքագեղձի սքրինինգի մեթոդ ընտրում է ՄՌՏ-ն։ Կրծքագեղձի ՄՌՏ-ի ավելացումը սքրինինգի գործընթացին հանգեցրել է հետազոտությանը մասնակից կանանց մոտ բիոպսիայի կրկնապատկման․ այսպիսով, սքրինինգի քանակի ավելացումը ոչ միշտ է լավ։