Քաղցկեղը մեծացնում է սրտանոթային հիվանդություններից մահացության ռիսկը

Ուսումնասիրելով օնկոլոգիական հիվանդություններ ունեցող 3 միլիոն պացիենտների պատմությունները՝ ԱՄՆ-ի գիտնականները եկել են այն եզրակացության, որ որոշ խմբերում քաղցկեղը 10 անգամ մեծացնում է սրտանոթային հիվանդություններից մահվան ռիսկը։ Ավելի հաճախ սրտանոթային խնդիրներից մահանում են այն պացիենտները, որոնց մոտ առկա է կրծագեղձի, շագանակագեղձի և միզապարկի քաղցկեղ։

Օնկոլոգիական հիվանդություններ ունեցող պացիենտների՝ սրտանոթային հիվանդություններից մահացության մակարդակի գնահատման նպատակով կատարված ամենամեծ հետազոտությունը իրականացրել են Փենսիլվանիա նահանգի Օնկոլոգիական համալսարանի գիտնականները։ Նրանք վերլուծել են քաղցկեղի 28 տարբեր տեսակներ վերջին 40 տարիների ընթացքում։

Հետազոտողները համեմատել են ԱՄՆ-ի բնակչության ընդհանուր ցուցանիշները 3 234 256 պացիենտների տվյալների հետ, որոնց մոտ ախտորոշվել է քաղցկեղ 1973-2012թ․ ժամանակային միջակայքում՝ սրտանոթային հիվանդություններից մահվան դեպքերը բացահայտելու համար։ Խոսքը գնում է սրտի հիվանդությունների, արյան բարձր ճնշման, ուղեղի անոթների հիվանդությունների, խցանված զարկերակների և աորտայի վնասվան մասին։ Համեմատությունը անց է կացվել՝ հաշվի առնելով պացիենտի տարիքը, ռասսան և սեռը։

Ընդհանուր պացիենտների 38%-ը մահացել էր քաղցկեցից, իսկ 11%-ը՝ սրտանոթային հիվանդություններից։ Ընդ որում, ցանկացած տիպի օնկոլոգիական հիվանդություններ ունեցող պացիենտների շրջանում, որոնց քաղցկեղ էր ախտորոշվել մինչև 55 տարեկանը, սրտանոթային հիվանդություններից մահվան ռիսկը 10 անգամ բարձր էր, քան միջին վիճակագրական հյուսիսամերիկացիների շրջանում։ Առավել հաճախ սրտանոթային հիվանդություններից մահանում են 35 տարեկանից ցածր գտնվող պացիենտները քաղցկեղի ախտորոշումից հետո 1 տարվա ընթացքում։

Հետազոտության հեղինակներից մեկի՝ Նիկոլասա Զոարսկիի կարծիքով՝ պացիենտների մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո 1 տարվա ընթացքում սրտանոթային հիվանդություններից մահվան բարձր ռիսկը կարող է պայմանավորված լինել հիվանդանոց այցելելուց հետո առողջական այլ խնդիրների բացահայտմամբ կամ էլ հիմնական հիվանդության ագրեսիվ բուժմամբ։

Սրտանոթային խնդիրների հետևանքով մահացածների մեծամասնությունը ունեին կրծքի ու շագանակագեղձի քաղցկեղ, ինչը զարմանալի չէ, քանի որ դրանք օնկոլոգիական հիվանդությունների ամենատարածված տեսակներն են։ Եթե իրավիճակը գնահատենք հարաբերական ցուցանիշներով, ապա սրտանոթային հիվանդություններից մահացածների շրջանում միզապարկի քաղցկեղը կազմում է 19%, կոկորդի քաղցկեղը՝ 17%, շագանակագեղձի քաղցկեղը՝ 17%, արգանդի քաղցկեղը՝ 16%, աղիքների քաղցկեղը՝ 14%, կրծքագեղձի քաղցկեղը՝ 12%:

Այն պացիենտները, որոնց մոտ առկա էր կոկորդի, մաշկի, Հոջկինի լիմֆոմայի, վահանաձև գեղձի, շագանակագեղձի, միզապարկի քաղցկեղ, ունեին ինչպես սրտանոթային, այնպես էլ օնկոլոգիական հիվանդություններից մահանալու նույնպիսի հավանականություն։ Իսկ այն պացիենտները, որոնց մոտ առկա էր քաղցկեղի՝ դժվարությամբ բուժվող,  ավելի ագրեսիվ տեսակ (թոքերի, լյարդի, աղիքների, գլխուղեղի, ստամոքսի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, ձվարանների, կերակրափողի քաղցկեղ), ավելի հաճախ մահանում էին հենց օնկոլոգիական հիվանդությունների պատճառով։

Սակայն, պետք է հաշվի առնել, որ անցկացված հետազոտության մեջ ներառված չեն տեղեկություններ հիվանդությունների բուժման տեսակի և դրանց՝ սրտի համար վտանգավորության աստիճանի մակարդակի մասին. բացակայում են պացիենտի խրոնիկ այլ հիվանդությունների և ռիսկի գործոնների, պացիենտի կյանքի սոցիալ-տնտեսական պայմանների ազդեցության մասին տեղեկություններ։ Այնուամենայնիվ, հեղինակները կարծում են, որ իրենց կողմից բացահայտված օրինաչափությունները մեծ հաշվով կիրառելի են Կանադայի, Եվրոպայի և Ավստրալիայի բնակչության համար, քանի որ օնկոլոգիական հիվանդություններ ունեցող պացիենտների շրջանում քաղցկեղի տեսակը և մահվան պատճառը նույն է։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են European Heart Journal ամսագրում։