Հայաստանում առաջին անգամ կատարվել է կրծքագեղձի բարձրադաշտ ՄՌՏ հետազոտություն

Կրծքագեղձի քաղցկեղը ամենատարածված չարորակ նորագոյացությունն է կանանց շրջանում, հիվանդացությունը տարեցտարի աճում է: Աշխարհում տարեկան ախտորոշվում է կրծքագեղձի քաղցկեղի մոտ 1,7 մլն նոր դեպք: Այդ հիվանդության վաղ հայտնաբերումը եւ ճիշտ ախտորոշումը համաշխարհային առողջապահության առաջնային խնդիրներից է։

Կրծքագեղձի նորագույն հետազոտությունների մասին NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է ՄԻԲՍ-Երեւան ՄՌՏ բաժանմունքի վարիչ, բժիշկ-ռադիոլոգ Նարեկ Մատինյանի հետ:



Որո՞նք են կրծքագեղձի հետազոտման ժամանակակից մեթոդները:

Կրծքագեղձի գործիքային հետազոտման հիմնական մեթոդներն են ռենտգեն մամոգրաֆիան, ուլտրաձայնային հետազոտությունը (սոնոգրաֆիա), իսկ վերջին տարիներին ամենահավաստի ոչ ինվազիվ եւ անվնաս հետազոտման մեթոդը մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌ-մամոգրաֆիա) է: Ի դեպ, տեղեկացնեմ, որ վերջերս մեր կենտրոնում եւ առաջին անգամ Հայաստանում կատարվեց կրծքագեղձի ՄՌՏ բարձրադաշտ տոմոգրաֆի միջոցով: Մինչեւ այժմ այդ հետազոտության համար հայ պացիենտները ստիպված մեկնում էին արտերկիր:

Կնկարագրե՞ք` ի՞նչ մեթոդ է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան:

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) բժշկական գործիքային հետազոտման բացարձակ անվնաս մեթոդ է, որը թույլ է տալիս մանրակրկիտ հետազոտել օրգանիզմի գրեթե ցանկացած հատված, ստանալ շերտավոր եռաչափ (3D) պատկերներ եւ հայտնաբերել հիվանդությունները շատ վաղ փուլում:

Ի՞նչ առավելություններ ունի կրծքագեղձի ՄՌՏ-ն այլ ախտորոշիչ մեթոդների նկատմամբ:

ՄՌՏ–ն հնարավորություն է ընձեռում ստանալ կրծքագեղձի շերտավոր եռաչափ պատկերներ, ինչը թույլ է տալիս հայտնաբերել նույնիսկ ամենափոքր (1մմ) օջախները: Ինչպես նշեցի, այն ռենտգենյան ճառագայթում չի կիրառում եւ օրգանիզմի համար անվնաս է: ՄՌՏ-ով հնարավոր է ոչ միայն պարզել այլ մեթոդներով հայտնաբերված օջախների բնույթը, այլեւ տեսնել այնպիսի փոփոխություններ, որոնք չեն երեւացել ռենտգեն-մամոգրաֆիկ կամ ուլտրաձայնային հետազոտություններով: Մեզ հաճախ դիմում են պացիենտներ, որոնք ունեն գանգատներ, հետազոտվել են, սակայն չունեն հստակ ախտորոշում: Քիչ չեն նաեւ այն պացիենտները, որոնք ընտրում են մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան որպես առաջնային հետազոտման մեթոդ:

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ անցնել ՄՌՏ հետազոտություն։

ՄՌՏ–ն ցուցված է կատարել կրծքագեղձում բարորակ կամ չարորակ նորագոյացությունների առկայության կամ կասկածի դեպքում: Այն շատ ինֆորմատիվ է նաեւ մաստոպաթիաների եւ բորբոքային պրոցեսների ախտորոշման, ինչպես նաեւ հետվիրահատական փոփոխությունների գնահատման հարցում: 

Հատուկ ուզում եմ նշել, որ ՄՌՏ–ն լավագույն մեթոդն է կրծքագեղձի հիվանդությունների բուժման (վիրահատություն, քիմիոթերապիա, ճառագայթային թերապիա) արդյունավետությունը գնահատելու համար: Կրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերելուց հետո անպայման խորհուրդ է տրվում անցնել այլ օրգանների, օրինակ` գլխուղեղի ՄՌՏ հետազոտություն, հավանական երկրորդային բնույթի օջախների` մետաստազների բացառման համար:

ՄՌՏ–ն օգտագործվում է նաեւ կրծքագեղձում հայտնաբերված օջախի բիոպսիան պլանավորելու եւ կատարելու համար: ՄՌՏ արդյունքների հիման վրա որոշվում է, թե արդյոք կարիք կա բիոպսիա կատարելու, թե ոչ:

ՄՌՏ–ն լայնորեն կիրառվում է նաեւ կրծքագեղձի իմպլանտների հետազոտման նպատակով: Այն հնարավորություն է տալիս գնահատել տեղադրված իմպլատների ամբողջականությունը, կառուցվածքը, ձեւը եւ տեղակայումը, ինչպես նաեւ ուսումնասիրել հարակից հյուսվածքների վիճակը:


Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:

Բոլորին խորհուրդ կտամ հետեւել առողջությանը եւ դիմել բժշկի ցանկացած գանգատի դեպքում: Կանանց խորհուրդ եմ տալիս կրծքագեղձերի հետ կապված նույնիսկ չնչին գանգատների դեպքում դիմել համապատասխան մասնագետի եւ անհապաղ հետազոտվել ժամանակակից մեթոդներով, քանի որ քաղցկեղի վաղ ախտորոշումը մեծացնում է բուժման արդյունավետությունը: