ՄԻԲՍ Երեւանն առաջարկում է փոխկապակցված օրգան համակարգերի հիվանդությունների մատչելի ախտորոշում

ՄԻԲՍ բժշկական կենտրոնի Երեւանյան մասնաճյուղը 2017 թվականի սկզբից ներդրել է հետազոտության հատուկ ծրագրեր, որոնք ավելի հասանելի կդարձնեն միմյանց հետ փոխկապակցված օրգան համակարգերի հիվանդությունների ախտորոշումը: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի տնօրեն Արսեն Թորոսյանը:

Նա նշեց, որ այդ ծրագրերն ուղղված են ինչպես պացիենտների ֆինանսական բեռի թեթեւացմանը, այնպես էլ բարձրտեխնոլոգիական ախտորոշման օգտագործելիության բարձրացմանը:

Նրա խոսքով՝ ռադիոլոգներն, օրինակ, հաճախ են ականատես լինում, որ պացիենտի մոտ պետք է զննել ողնաշարի միանգամից երկու կամ երեք հատվածները, սակայն պացիենտը համաձայնում է միայն մեկին՝ հետազոտության գնի պատճառով:

«Բժիշկների հետ խորհրդակցելով՝ մենք այն եզրակացության հանգեցինք, որ կարելի է որոշ օրգան համակարգեր միավորել եւ դրանց համատեղ հետազոտության նոր պրոդուկտ ստեղծել: Դրանցից մեկը՝ «Առողջ ողնաշար» ծրագիրն է, որն ընդգրկում է ողնաշարի երեք հատվածների՝ գոտկասրբանային, կրծքային եւ պարանոցային, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի հետազոտություն մեկ այցով: Ստացվում է երկուսի գնով երեք հետազոտություն, ինչն էական զեղչ է՝ ավելի քան 35 տոկոս: Կարելի է ասել, որ այս հետազոտությամբ մենք կատարում ենք ողնաշարի գործնականում բոլոր պաթոլոգիաների ախտորոշումը»,- ասաց նա:

Կենտրոնի տնօրենի խոսքով՝ ախտորոշման նման համատեղ ծրագրեր են մշակվել նաեւ գլխացավի օրգանական պատճառների ախտորոշման համար, ինչպես նաեւ կանանց վերարտադրողական հիվանդությունների ախտորոշման համար՝ «Կյանքն առանց գլխացավի» եւ «Վերարտադրողական առողջություն»: Առաջին փաթեթի մեջ են մտնում գլխուղեղի ՄՌՏ-ն, գլխուղեղի անոթների ՄՌ անգիոգրաֆիան եւ ողնաշարի պարանոցային հատվածի ՄՌՏ-ն: Վերջին հետազոտությունը ընդգրկվել է այս ծրագրում, քանի որ շատ դեպքերում գլխացավերը պարանոցային օստեոխոնդրոզի հետեւանք են: «Գլխացավով մեծ թվով մարդիկ են տառապում, սա առողջապահական լուրջ խնդիր է, այդ պատճառով մենք որոշեցինք առաջարկել նաեւ այսպիսի փաթեթ՝ ֆինանսական առումով այն գրեթե 2 անգամ մատչելի է, քան եթե այդ հետազոտությունները կատարվեն առանձին-առանձին»,- պարզաբանեց Արսեն Թորոսյանը:

Ինչ վերաբերում է երրորդ փաթեթին՝ «Վերարտադրողական առողջությանը», այն ընդգրկում է փոքր կոնքի օրգանների ՄՌՏ եւ հիպոֆիզի կոնտրաստային հատուկ ՄՌՏ հետազոտության: Բժշկական կենտրոնի ղեկավարի խոսքով՝ այս երկու հետազոտություններն են ընտրվել, քանի որ ՄՌՏ-ն կանանց փոքր կոնքի օրգանների մասին ամենից շատ տեղեկություն տվող հետազոտությունն է: Ինչ վերաբերում է հիպոֆիզին, ապա այն պատասխանատու է վերարտադրողական առողջության հորմոնային կարգավորմանը: Հենց այս պատճառով այս երկու հետազոտությունների համատեղումը կարող է գնահատել կանանց վերարտադրողական առողջությունը: «Մենք խորհրդակցել ենք մեր արտասահմանյան գործընկերների հետ, եւ նրանք խորհուրդ են տալիս հենց այսպիսի հետազոտությունից սկսել անպտղությամբ տառապող կանանց բուժման գործընթացը, ինչպես նաեւ այն ցուցված է նրանց համար, ովքեր արտամարմնական բեղմնավորման են պատրաստվում»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե այս հետազոտություններն իրենց պացիենտներին պետք է խորհուրդ տան, փաստորեն, բժիշկները, այլ ոչ թե պացիենտներն իրենք ուղղակիորեն դիմեն ախտորոշման, Արսեն Թորոսյանը նշեց, որ դա ցանկալի է, բայց պարտադիր չէ, քանի որ այսօր պացիենտը ավելի լավ է իրազեկված, քան ոչ հեռու անցյալում: Նա կարող է որոշել նախ գնալ ախտորոշիչ հետազոտության, եւ միայն դրա հիման վրա որոշել՝ որ բժշկին դիմել: «Օրինակ՝ պացիենտը գիտի, որ ողնաշարի ճողվածքը ախտորոշվում է ՄՌՏ-ի միջոցով, նա կարող է ախտանշանների առկայության դեպքում նախ ՄՌՏ անցնել, իսկ հետո արդյունքից ելնելով՝ դիմել նյարդավիրաբույժի, նյարդաբանի կամ ողնաշարաբանի»,- ասաց նա՝ հավելելով, թե նույնը վերաբերում է նաեւ գլխացավին: Մարդիկ արդեն գիտեն, որ այդպիսի խնդրի դեպքում պետք է նկարել գլուխը, եւ անմիջապես ռադիոլոգի մոտ են գնում:

Ինչ վերաբերում է կանանց վերարտադրողական առողջությանը, ապա, Արսեն Թորոսյանի խոսքով, սա նուրբ ոլորտ է, այստեղ շատ հիվանդություններ կան, եւ բարդ խնդիրներ են լինում, այնպես որ՝ շատ կարեւոր են բժշկի խորհուրդները, եւ ռադիոլոգները պետք է բժիշկների հետ սերտ աշխատեն:

Նա նշեց, որ այն պահից ի վեր, երբ ծրագիրը գործարկվել է, իրենք առաջին 2 փաթեթներով բավական շատ հետազոտություններ են կատարել, սակայն երրորդ փաթեթով դեռեւս քիչ են դիմում, ինչը հենց այդպես էլ ենթադրվում էր:

«Մեր կենտրոնի գործունեության 5 տարիների ընթացքում ՀՏ եւ ՄՌՏ ծառայությունների պահանջվածության բարձրացման ուղղությամբ մեր հիմնական գործունեությունն ուղղված է եղել բժիշկների տեղեկացվածության բարձրացմանը: Մենք աշխատել ենք նաեւ մրցակից բժշկական կենտրոնների բժիշկների հետ, քանի որ դա մեծացնում է բարձրտեխնոլոգիական ծառայությունների ընդհանուր պահանջարկը, եւ վերջնարդյունքում աճում է բոլոր կենտրոնների հաճախելիությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում այսօր այս ծառայությունները թերօգտագործված են: