Նորագույն հետազոտություն Հայաստանում էպիլեպսիայի հնարավոր պատճառները պարզելու համար

Էպիլեպսիան նյարդային համակարգի հիվանդություն է: Այն բնութագրվում է կրկնվող նոպաներով, որոնք ուղեկցվում են շարժողական, զգայական, վեգետատիվ, մտածական կամ հոգեկան գործառույթների խանգարումներով:  

Ամբողջ աշխարհում Էպիլեպսիայով  տառապում է մոտ 50մլն. մարդ: Այն համարվում է ամենատարածված նյարդաբանական հիվանդություններից մեկը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ամեն տարի էպիլեպսիա է ախտորոշվում 2,4 մլն. մարդու մոտ:  

Տարբերում են իդիոպաթիկ էպիլեպսիա, որի անմիջական պատճառը չի հայտնաբերվում, եւ երկրորդային էպիլեպսիա, որի պատճառները բազմաթիվ են (օր.`գլխուղեղի ծավալային գոյացություններ, ծանր վնասվածքներ, բնածին արատներ, ինսուլտի հետեւանքներ, տարբեր օջախային ախտահարումներ, կեղեւային դիսպլազիաներ եւ այլն):  

Էպիլեպսիայի բուժման արդյունավետության բարձրացման հիմնական գործոններից մեկը ճշգրիտ ախտորոշումն է: ժամանակակից բժշկության մեջ գլխուղեղի հետազոտման գործիքային ամենաինֆորմատիվ եւ ամենաանվնաս մեթոդներից մեկը հանդիսանում է մագնիսա–ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ), որը հնարավորություն է ընձեռում բժիշկ-ռադիոլոգներին ստանալ գլխուղեղի եռաչափ պատկերներ, մանրակրկիտ վերամշակել դրանք,  ուսումնասիրել եւ արդյունքում հայտնաբերել գլխուղեղում առկա ախտաբանական գործընթացները: Մագնիսա–ռեզոնանսային տոմոգրաֆիայում շատ կարեւոր են  ոչ միայն բժիշկ-ռադիոլոգի գիտելիքները, փորձն  ու հմտությունը, այլ նաեւ մագնիսա–ռեզոնանսային տոմոգրաֆի հզորությունը: ՄՌ-տոմոգրաֆների գլխավոր որակական հատկանիշը մագնիսական դաշտի լարվածությունն է, որի չափման միավորը Տեսլան է: Որքան ցածր է ՄՌ-տոմոգրաֆի հզորությունը, այնքան ավելի ցածր է ստացվող նկարների որակը, հետեւաբար այնքան ավելի մեծ է սխալ կամ թերի ախտորոշում ստանալու հավանականությունը: Ներկայումս համաշխարհային պրակտիկայում ամենաշատը կիրառվում են 1,5 Տեսլա հզորություն ունեցող ՄՌ տոմոգրաֆները, որոնք «ոսկե ստանդարտ» են համարվում գլխուղեղի հետազոտման համար:  

Որոշ դեպքերում էպիլեպսիայի պատճառ կարող են հանդիսանալ այնպիսի արտահայտված պաթոլոգիաներ, օրինակ՝ մեծ ծավալային գոյացություններ, որոնք կարելի է հայտնաբերել նույնիսկ ցածրադաշտ (0,2 - 1,0 Տեսլա) ՄՌ-տոմոգրաֆի, կամ կոմպյուտերային տոմոգրաֆիայի միջոցով: Սակայն հաճախ էպիլեպսիայի պատճառ կարող է հանդիսանալ շատ փոքր եւ աննշան փոփոխված տեղամասը, որի հայտնաբերումն իրենից ներկայացնում է անչափ բարդ գործընթաց: Այդ իսկ պատճառով վերջին տարիների ընթացքում միջազգային բժշկագիտության մեջ կատարվել է հսկայական աշխատանք` էպիլեպսիայով տառապող պացիենտներին հետազոտելու հատուկ ծրագրեր եւ ռեժիմներ ստեղծելու համար:  

Արդյունքում մշակվել է հատուկ այսպես կոչված «էպիլեպսիայի ՄՌՏ պրոտոկոլը» (Epilepsy MRI Protocol)՝ գլխուղեղի կառուցվածքների ավելի մանրակրկիտ հետազոտություններ կատարելու համար, որը հնարավորություն է  տալիս ստանալ մինչեւ 0,8մմ հաստությամբ շերտերի եռաչափ պատկերներ, հետեւաբար նաեւ հայտնաբերել նախկինում անտեսանելի ախտաբանական տեղամասերը:

ՄԻԲՍ-Երեւան ՄՌՏ բաժանմունքը միակ մասնագիտացված կենտրոնն է Հայաստանում, որտեղ կատարվում են էպիլեպսիայի պրոտոկոլով ՄՌՏ հետազոտություններ: Ապացուցված է, որ էպիլեպսիայի պատճառ հանդիսացող փոքր օջախների միայն 50% է հայտնաբերվում ստանդարտ ՄՌՏ հետազոտման միջոցով, այն դեպքում, երբ էպիլեպսիայի պրոտոկոլով ՄՌՏ հետազոտման օգնությամբ հայտնաբերվում է այդ օջախների մոտ 90%-ը:

Էպիլեպսիայով տառապող յուրաքանչյուր պացիենտի անհրաժեշտ է անհատական մոտեցում ցուցաբերել: Նախքան ՄՌՏ հետոզոտություն սկսելը բժիշկ-ռադիոլոգն անպայման պետք է զրուցի ոչ միայն պացիենտի, այլ նաեւ նրան բուժող բժշկի հետ, ծանոթանա նախկինում կատարված հետազոտությունների արդյունքներին, օգտագործի տվյալ պաթոլոգիային համապատասխան ծրագրեր, մանրակրկիտ ուսումնասիրի ստացված  պատկերները եւ տրամադրի հստակ եզրակացություն: Էպիլեպտոգեն օջախը կամ տեղամասը հայտնաբերելով՝ բուժող բժիշկները հնարավորություն են ստանում ոչ միայն ճիշտ բուժում նշանակել, կանխատեսել բուժման արդյունավետությունը, այլ նաեւ քննարկել էպիլեպսիայի վիրահատական բուժման հարցը:


Նարեկ Մատինյան, 
Բժիշկ-ռադիոլոգ, ՄԻԲՍ-Երեւան ՄՌՏ բաժանմունքի վարիչ