«Պապպոլոգիան» Հայաստան է հասել. ներկայացվել է շագանակագեղձի քաղցկեղի ՄՌՏ-բիոպսիայի մեթոդը

Արդեն վաղուց ժամանակն է մամմոլոգիայի նմանությամբ պապպոլոգիայի հասկացություն մտցնելու: Երեւանում համաժողովին ելույթի ընթացքում հոլանդացի պրոֆեսոր Յելլե Բարենսի այս խոսքերն է մեջբերել Սանկտ Պետերբուրգի ՄԻԲՍ բժշկական կենտրոնի ՄՌՏ-ի գլխավոր մասնագետ Վլադիմիր Կուպլեւացկին:  

«Բարենսն ասում է, որ ՄՌՏ-ի ներդրմամբ նոր գիտություն է ի հայտ եկել: Այդ գիտությունը մամմոլոգիայի նմանությամբ կոչվում է պապպոլոգիա: Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան թույլ է տվել դիտել շագանակագեղձի ներսը նրա փոփոխման այն փուլերում, որոնք վիզուալիզացիայի այլ մեթոդները չեն տեսնում», - ասել է նա:  

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Վլադիմիր Կուպլեւացկին նշել է, որ ՄՌՏ-ի հայտնվելով` շագանակագեղձի ախտորոշումը յոթմղոնանոց քայլերով առաջ է գնացել:   

«Այս պահի դրությամբ մենք կարող ենք տեսնել ախտաբանական գործընթացի հենց սկիզբը: Բայց բուժումը սկսելու համար հիստոլոգիական ստուգում է անհրաժեշտ», - ասել է նա` հավելելով, որ դրա համար բիոպսիա է արվում եւ դրա ճշգրտության համար վերջերս անընդհատ մեծացրել են դրա իրականացման ընթացքում կետերի քանակը` հասցնելով  24-ասեղանի բիոպսիայի: «Բայց երբ խոսքը շատ փոքր քաղցկեղի մասին է, իսկ մենք կարող ենք տեսնել 3-4 խմմ չափերի ուռուցքը, այդ ուռուցքը ուրոլոգները հաճախ չեն որսում նույնիսկ 24-ասեղանի բիոպսիայի ընթացքում:  Այստեղ պետք է հստակ տեսնել, թե որտեղից բիոպսիա վերցնեն: Եվ վերջերս աշխարհում ՄՌՏ-ի վերահսկողությամբ բիոպսիա վերցնելու հնարավորություն է հայտնվել», - ասել է նա, հավելելով, որ այդ պրոցեդուրան արդեն առկա է Հայաստանում եւ ինքը հենց դա է ներկայացնում ճառագայթաբանների եւ ուրոլոգների մասնակցությամբ համաժողովի ընթացքում:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, որն, իր իսկ խոսքով, այս համաժողով էր այցելել որպես ուրոլոգ, նշեց, որ շնորհանդեսը շատ հետաքրքիր էր: Նրա խոսքով, ցույց տրվեց, թե ինչպես է հնարավոր ոչ ինվազիվ մեթոդներով, ՄՌՏ-ի օգնությամբ, դեռեւս մինչեւ բիոպսիայի անցկացումը պարզել, թե արդյոք այդ քաղցկեղը կլինիկական նշանակություն ունի, եւ արժե անհանգստանալ։ Այսինքն, դա քաղցկեղ է, որի հետ մահանում, թե քաղցկեղ է, որից մահանում են։  Ինչպես պարզաբանել է Արմեն Մուրադյանը, շագանակագեղձի քաղցկեղի ոչ բոլոր տեսակները կլինիկական նշանակություն ունեն: «50 տարեկանից հետո յուրաքանչյուր տղամարդ քաղցկեղային բջիջներ է ունենում, բայց դա չի նշանակում, թե 50-ից մեծ տղամարդկանց 30 տոկոսը քաղցկեղով է հիվանդ: Նրանց ընդամենը 8 տոկոսն է քաղցկեղով հիվանդանում եւ միայն 1 տոկոսն է հետագայում մահանում դրանից», - ասել է նա:   

ՄԻԲՍ-Երևան ընկերության ղեկավար Արսեն Թորոսյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ ՄՌՏ-ի վերահսկողությամբ շագանակագեղձի բիոպսիայի մեթոդը Հայաստանի համար նորություն է, աշխարհում էլ դեռեւս ոչ բոլոր երկրներում է կիրառվում:  

«Աստղիկ» ԲԿ–ի ուրոլոգիական ծառայության ղեկավար Արմեն Ավոյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ առաջարկված մեթոդը շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման նոր հնարավորություններ է տալիս: «Այժմ մենք հիմնականում ՈւՁՀ-ախտորոշում ենք օգտագործում շագանակագեղձի քաղցկեղի հնարավոր օջախների հայտնաբերման համար, բայց կարծում եմ, որ ՄՌՏ-ն նոր հնարավորություններ է բացում: ՄՌՏ-ի վերահսկողությամբ բիոպսիան ախտորոշման կարեւորագույն մեթոդներից է», - ասել է նա, հավելելով, որ ՄՌՏ-ն հնարավորություն է տալիս ի հայտ բերելու ավելի նուրբ փոփոխությունները, որոնք դեռ չենք կարող տեսնել ՈւՁՀ-ի օգնությամբ: