Միջողային աճառային սկավառակում տեղի են ունենում դեգեներատիվ-դեստրուկտիվ փոփոխություններ, ինչի հետևանքով վնասվում է աճառային սկավառակի ֆիբրոզ օղը և պուլպոզ կորիզը տեղաշարժվում է:
Պետք է նշել, որ ֆիբրոզ օղը կազմված է բազմաթիվ միահյուսված օղերից և բավական ամուր է, սակայն ենթարկվելով միկրոտրավմաների կորցնում է ամրությունը:
Կլինիկորեն միջողային աճառային ճողվածքները արտահայտվում են մի շարք ախտանիշներով, որոնցից ամենահաճախ հանդիպում են:
Ցավեր վնասված սկավառակի պրոեկցիայով
Ցավեր, որոնք տարածվում են ձեռքեր, ոտքեր կամ միջկողային ցավեր
Թուլություն վերջույթներում
Թմրածության, ծակծկոցի կամ այրոցի զգացողություն ձեռքերում և ոտքերում
Միզարձակության խանգարումներ
Ճողվածքների առաջացման հիմնական պատճառներն են տարիքային փոփոխությունները, ֆիզիկական գերծանրաբեռնվածությունը, տրավմաները և այլն:
Շատ կարևոր է առաջին հերթին ճիշտ ախտորոշումը: Այդ նպատակով կատարվում է հիվանդի գանգատների վերլուծում և նյարդաբանական զննում: Սակայն լիարժեք ախտորոշում կատարվում է ՄՌՏ-ով, որը բացարձակ անվնաս է և տալիս է տվյալներ ոչ միայն ճողվածքի առկայության մասին, այլ նաև նրա տեղակայման, չափերի, ուղեկցող այլ փոփոխությունների մասին:
Բուժման հիմնական նպատակներն են՝
Ցավային համախտանիշի վերացում
Բորբոքային պրոցեսի և տեղային այտուցի վերացում
Վերջույթներում թուլության և թմրածության վերացում, որը պայմանավորված է նյարդարմատի սեղմումով
Հիվանդի կյանքի որակի բարձրացում
Նոր ճողվածքների առաջացման պրոֆիլակտիկա
Բուժումը կատարվում է երկու ճանապարհով` կոնսերվատիվ (դեղորայքային) և վիրահատական: Ընտրությունը կատարվում է յուրաքանչյուր հիվանդի համար անհատական: