ՄԻԲՍ երևանյան մասնաճյուղը 5 տարեկան է

Արդեն 5 տարի է, ինչ Հայաստանում գործում է ՄԻԲՍ, նախկինում ԿՀՄԻ ԲԱԿ ախտորոշիչ կենտրոնը: 5 տարին կարճ ժամանակահատված է հիմնավորապես հաստատվելու և համընդհանուր ճանաչման համար, միևնույն ժամանակ՝ չափազանց կարևոր ընթացք է գործունեությունը հստակ սկզբունքների ու արժեհամակարգի հիման վրա կառուցելու: Այս կապակցությամբ զրուցեցինք կենտրոնի տնօրեն Արսեն Թորոսյանի հետ:

— Բժիշկ Թորոսյան, 5 տարի առաջ Հայաստանում բացվեց ՄԻԲՍ-ը՝ այն ժամանակ ԿՀՄԻ ԲԱԿ ախտորոշիչ կենտրոնը: Թույլ տվեք նկատել՝ այն որոշակի նոր մշակույթ բերեց հայկական առողջապահության ոլորտ՝ պացիենտները շաբաթներով հերթ չէին կանգնում, ապահովված էր որոշակի հարմարավետություն, տարբերվող արժեք, բժիշկները ստանում էին բարձր որակի պատկեր, հետևաբար՝ առավել ստույգ ախտորոշելու հնարավորություն: Սա հայացք դրսից՝ իսկ ի՞նչն էր կենտրոնը Հայաստանում բացելու շարժառիթն ու գաղափարախոսությունը:

 

Արսեն Թորոսյան ՄԻԲՍ երևանյան մասնաճյուղի տնօրեն

— Իրականում մեր կենտրոնի բացման պատմությունը  պատահականության հետ է կապված, երբ ես 2010թ-ին Վիեննայում վերապատրաստում անցնելու ժամանակ ծանոթացա մի ռուս նեյրովիրաբույժի հետ Իրկուտսկ քաղաքից, ով ճանաչում էր նաև ՄԻԲՍ հիմնադիր Արկադի Ստոլպներին: Ես այդ պահին կարճատև ժամանակ աշխատում էի ՀՀ ԱՆ տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում և, ճիշտն ասած, արդեն իսկ ինձ համար նոր զբաղմունք էի փնտրում: Ինձ շատ ոգևորեց Երևանում նման կենտրոն հիմնելու հեռանկարը և ես սկսեցի ուսումնասիրել մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի ոլորտը Հայաստանում: Շատ արագ պարզվեց, որ Հայաստանում չկա գեթ մեկ 1,5 Տեսլա հզորությամբ ՄՌ տոմոգրաֆ, որոնք վաղուց արդեն ոսկե ստանդարտ էին ախտորոշիչ բժշկության մեջ: Երբ այդ ամենը ներկայացրեցի Ա.Ստոլպներին, շատ արագ որոշեցինք բացել մեր կենտրոնը և 1,5 տարի ինտենսիվ նախապատրաստական աշխատանքներից հետո 2012թ. հուլիսի 2-ին ընդունեցինք մեր առաջին պացիենտին:

— Սերգեյ Բերեզինի անվան կենտրոնը, որի մասնաճյուղն եք հանդիսանում Հայաստանում, նաև գիտահետազոտական լուրջ կենտրոն է: Ճառագայթաբանության ոլորտի ինչպիսի՞ գիտատեխնիկական նորարարություններ են, որոնք հնարավորություն ունենք ունենալ նաև մեր երկրում: Որո՞նք էին այն նորարարություններն ու մոտեցումները, որ Ձեր կազմակերպութոյւնը բերեց Հայաստանի բժշկություն:

— Փաստացի մեր կազմակերպությունը ունի տոմոգրաֆիկ ախտորոշիչ կենտրոնների ամենամեծ ցանցը հետսովետական տարածությունում, այս պահին ունենալով 94 կենտրոն, ավելի քան 69 քաղաքներում, որտեղ կատարվում են տարեկան 1,3 մլն տոմոգրաֆիկ հետազոտություն: Այս բոլոր կենտրոններում, այդ թվում և երևանյան կենտրոնում, կատարվում են բոլոր այն բարդ հետազոտությունները, որոնք հնարավոր է կատարել այդ սարքավորումներով: Մեր երևանյան կենտրոնը, բացի այն որ եղել է բարձրադաշտ (1,5 տեսլա և բարձր) տոմոգրաֆիայի պիոները Հայաստանում, նաև ներդրել է այնպիսի հետազոտության տեսակներ, որոնք մինչև օրս պարզապես չէին կատարվում Հայաստանում: Դրանցից են ՄՌ-պանկրեատոխոլանգիոգրաֆիան, ֆունկցիոնալ ՄՌՏ, գլխուղեղի ՄՌ սպեկտրոսկոպիան, սրտի ՄՌՏ, կրծքագեղձերի բարձրադաշտ ՄՌՏ, էպիլեպսիայի ծրագրով ՄՌՏ հետազոտությունները: Իսկ ամենավերջին նորարարությունը եղել է ՄՌ հսկողության տակ շագանակագեղձի բիոպսիայի ներդրումը, որն աշխարհում շատ քիչ երկրներում է կատարվում:

-1-2 տարի առաջ դեռևս ՄԻԲՍ-ի սարքավորումները համարվում էին Հայաստանում ամենաառաջավորները: Ձեր կազմակերպության հաջողության գրավականը սարքավորումնե՞րն են, թե մասնագետները:

— Դուք ճիշտ նկատեցիք, այժմ երևանյան կլինիկաներից մեկում կա նաև 3 տեսլա հզորությամբ ՄՌՏ սարքավորում, որն, ինչ խոսք, ունի որոշ առավելություններ 1,5 տեսլա հզորությամբ սարքերի համեմատ, որոնցից այս պահին Հայաստանում կա 5 հատ: Սակայն մինչ օրս 1,5 տեսլա հզորությամբ ՄՌՏ սարքավորումները մնում են այն ոսկե ստանդարտը, որը կա ախտորոշիչ բժշկության մեջ աշխարհում, քանի որ դրանց շնորհիվ հնարավոր է պահպանել գին/որակ համադրությունը, ինչպես նաև զուտ տեխնիկական մասով ազդակ/աղմուկ ճիշտ հավասարակշռությունը: Հաջողության գրավականը մեկը չէ. դա և սարքավորումներն են, և պրոֆեսիոնալ բժշկական և տեխնիկական անձնակազմը, և պրոցեսների ավտոմատացումը: Վերջինս, օրինակ, թույլ է տալիս մեզ օրական կատարել 50 ՄՌՏ հետազոտություն, ինչը ոչ մի այլ երևանյան կենտրոնում 1 ՄՌ տոմոգրաֆով պարզապես հնարավոր չէ: Եթե միայն սարքավորումները լինեին մեր հաջողության գրավականը, ապա մենք վաղուց այլևս չէինք գործի, սակայն մենք մինչև օրս կատարում ենք ամսական մոտ 1000 տոմոգրաֆիկ հետազոտություն և պահպանում բուժօգնության այդ ծավալները` անկախ նրանից, թե քանի այլ նման կենտրոն կա երկրում:

-Այսօր ամբողջ աշխարհում մեծ հիմնախնդիր է ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը: ՄԻԲՍ-ն այս առումով ինչ ներդրում ունի, կա՞ն հատուկ փաթեթներ, համալիր հետազոտություններ, որոնք կարող են բարձրացնել հասանելիությունը:

Իրականում հիվանդությունների այն սպեկտրը, որոնց ժամանակ ՄՌՏ կամ ԿՏ հետազոտությունները ցուցված են գրեթե անսահման է: Այսինքն, շատ քիչ են այնպիսի հիվանդությունները կամ վիճակները, որոնց ժամանակ հիվանդության այս կամ այն փուլում կարիք չկա նմանատիպ հետազոտությունների: Սակայն կան նաև այնպիսի հիվանդություններ, որոնց ժամանակ առանց ՄՌՏ կամ ԿՏ հետազոտության դրանց ախտորոշումը պարզապես անհնար է: Դրանք են օրինակ գլխուղեղի գրեթե բոլոր հիվանդությունները, սկսած ուռուցքներից, վերջացրած աուտոիմուն հիվանդություններով, ողնաշարի հիվանդությունները, ուռուցքաբանական գրեթե բոլոր ախատահարումները և այլն: Հաշվի առնելով սա՝ մենք վերջերս ներդրեցինք համակցված հետազոտությունների փաթեթներ, որպեսզի թույլ տանք մեր պացիենտներին մեկ այցելության ժամանակ և ավելի մատչելի գնով ստանալ միանգամից մի քանի հարցի պատասխան: Այդ փաթեթներից են «Կյանք առանց գլխացավի», «Առողջ ողնաշար», «Վերարտադրողական առողջություն»: Կա ևս մեկ համալիր հետազոտություն, որը բոլորովին վերջերս ներդրեցինք: Այն կոչվում է «Օնկոզննում» և նպատակ ունի վաղ շրջանում հայտնաբերել այնպիսի ախտահարումները օրգանիզմում, որոնք բնորոշ են ուռուցքաբանական պրոցեսներին: Ի ուրախություն մեզ, այս համալիր հետազոտությունները գոհունակությամբ ընդունվեցին թե՛ պացիենտների, թե՛ բուժող բժիշկների կողմից:

-Ինչպես հայտնի է ՄԻԲՍ Սանկտ Պետերբուրգի կենտրոնում տեղադրված է Գամմա Դանակ սարքավորումը, որը նոր խոսք է նյարդավիրաբուժությունում: Ինչքանո՞վ և որ՞ դեպքերում է այն հասանելի մեր երկրի բնակչության համար:

-ՄԻԲՍ ուռուցքաբանական կենտրոնում, որը գտնվում է Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղադրված են Գամմա-դանակ, Կիբեր դանակ, Վարիան ընկերության 2 գծային արագացուցիչ, 2 ՊԷՏ/ՀՏ սարքավորում, ինչպես նաև այս պահին շահագործման հանձնման վերջնական փուլում է հետսովետական տարածքում միակ Պրոտոնային թերապիայի կենտրոնը: Սարքավորումների այս շարքով այն աշխարհում եզակի կենտրոններից է: Ինչ խոսք, երևանյան կենտրոնը բժշկական ցուցումների դեպքում ուղեգրում է պացիենտներին նման բարձր-տեխնոլոգիական բուժօգնություն ստանալու և մեր գործուներության 5 տարիների ընթացքում մենք ունեցել ենք մոտ 150 պացիենտ, ովքեր մեր կենտրոնում հետազոտվելուց հետո շարունակել են հետազոտվել կամ բուժվել Սանկտ Պետերբուրգի կենտրոնում: Կարևորենք նաև, որ այդպիսի սարքավորումներվ հետազոտությունը և բուժումը մի քանի անգամ մատչելի է, քան Արևմտյան Եվրոպայի կամ Ամերիկայի կլինիկաներում, իսկ արդյունքները լիովին նույնն են, ինպես նաև չկան պացիենտների ճամփորդելու և լեզվային խոչընդոտներ: Կարելի է մի քանի օրվա մեջ հերթագրվել Գամմա-դանակի միջամտության համար և արագ մեկնել այն կատարելու համար:

Ինչպիսի՞ն է ՄԻԲՍ-ի տեսլականն առաջիկա տարիների համար: Ի՞նչ հնարավորություն կունենան հայ պացիենտներն ու բժիշկները Ձեր կենտրոնին իրենց առողջության կարևորագույն մասը՝ ախտորոշումը վստահելով:

Այս պահին Հայաստանում գործունեությունը ընդլայնելու պլանների մեջ կա 2-րդ կենտրոն հիմնելը, որը կարող է լինել մոնոպրոֆիլ (օր. միայն ՄՌՏ) կամ բազմապրոֆիլ, երբ մեկ հարկի տակ կենտրոնացած կլինեն 3-4 բարձր տեխնոլոգիական ախտորոշիչ մեթոդներ, ինչը թույլ կտա ավելի դյուրին դարձնել ճշգրիտ ախտորոշում սահմանելու գործընթացը, ինչպես նաև՝ ապահովել առավել հարմարավետություն պացիենտի համար: Այս հարցը դեռ քննարկման ընթացքում է և հավանաբար կհստակեցվի մինչև տարեվերջ: Այսուհետ ևս,  այնպես ինչպես և մեր աշխատանքի 5 տարիների ընթացքում, հայ պացիենտները կունենան հնարավորություն առավելագույնս արագ և որակյալ ախտորոշիչ ծառայություններ ստանալ հնարավոր ամենամատչելի գնով: Նրանք հնարավորություն կունենան հենց հետազոտող բժշկից անձամբ ստանալ իրենց մոտ հայտնաբերված փոփոխությունների բացատրությունը: Իսկ մեր գործընկեր բժիշկները միշտ հնարավորություն կունենան ուղիղ կապի մեջ լինել մեր բարձրակարգ բժիշկ-ռադիոլոգների հետ, որպեսզի նախ ի սկզբանե որոշեն ճիշտ հետազոտության տեսակը, և հետո քննարկեն հայտնաբերված փոփոխությունները: Փորձը ցույց տվեց, որ բուժող և ախտորոշող բժիշկների սերտ համագործակցությունը առավել քան կարևոր է հիվանդության հետագա բուժման համար: